ՔԿՀ

Հայաստանում ցմահ ազատազրկվածների` ներման խնդրագիր ներկայացնելու ժամկետը կկրճատվի

54
(Թարմացված է 13:13 21.11.2019)
Ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներում ներման նոր խնդրագիր կարող են ներկայացվել։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել, եթե պատիժը կրել է ոչ պակաս, քան 15 տարի` նախկին 20 տարի ժամկետի փոխարեն։ Այսօր կայացած նիստի ժամանակ նման որոշում կայացրեց կառավարությունը` հավանություն տալով «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին։

«Ցմահ ազատազրկվածների համար նախատեսվել է ներման խնդրագրով դիմելու ավելի վաղ ընթացակարգ: Այսինքն` գործող օրենսդրական կարգավորումներով ցմահ ազատազրկման դատապարտվածներին պետությունը 20 տարի պատժից ազատվելու որևէ հնարավորություն չէր ընձեռում։ Օրենքի փոփոխությունից հետո այդ ժամկետը կրճատվել է 5 տարով»,–ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով` «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների շնորհիվ սահմանվել են ներման խնդրագրերի հետ կապված գաղտնիության ապահովման կարգավորումները:

Ըստ նախարարի` կարգավորվել է նաև ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներում ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հարցը։ Ի դեպ, բացառիկ հանգամանքների մեջ ներառվել են խնամքին երեխայի առկայությունը, արտակարգ ռազմական իրավիճակը, դատապարտյալի կյանքին անմիջականորեն սպառնացող վտանգը:

Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը սեպտեմբերի 11–ին դիմում էր ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, քանի որ դատապարտվելուց 20 տարի անց ցմահ դատապարտյալներն իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար։

Սեպտեմբերի 19-ին Քրեակատարողական ծառայությունը, իսկ հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը Հունանյանի դիմումի առնչությամբ ներկայացրել էին բացասական զեկույց: Հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հոկտեմբերի 28-ին որոշել էր Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը դատարան չներկայացնել։

54
թեգերը:
Ռուստամ Բադասյան, դատապարտյալ, Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), Հայաստան
Ըստ թեմայի
Բացի Հունանյանից, «27»–ի գործով ևս երկու դատապարտյալ ազատման դիմում են գրել
Փաստաբանների պալատի 2 անդամ դատապարտյալից 7000 դոլար կաշառք են վերցրել. ԱԱԾ տեսանյութը
Դատապարտյալը փախել է «Էրեբունի» բժշկական կենտրոնից. լուսանկար