ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում լոլիկի ներմուծման քանակը չի ավելացել, պարզապես մարդիկ հիմա նախընտրում են օրինական ճանապարհով ներմուծմամբ զբաղվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը։
Պետեկամուտների կոմիտեի տվյալներով` այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 3496 տոննա լոլիկ` մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված լոլիկը կազմել է ընդամենը 20 տոննա: Հայաստան ներկրված լոլիկի գերակշիռ մասը` 2756 տոննան, Թուրքիայից է բերվել։ ՀՀ լոլիկ է ներմուծվել նաև Իրանից` 693 տոննա, Վրաստանից` 46.1 տոննա:
«Եթե նախկինում կարող էին ՀՀ ներմուծել մինչև 50 կգ բանջարեղեն առանց մաքսատուրքի, ապա այս տարվա հունվարի 1–ից օրենքի փոփոխություն եղավ, ու այդ քանակը դարձավ 25 կգ։ Այսինքն` նախկինում մարդիկ գնում ու 50–ական կգ–ներով էին լոլիկ բերում, վաճառում, իսկ հիմա ձեռնտու չէ 25 կգ–ով բերել, դրա համար էլ օրինական ճանապարհով ու մեծ քանակությամբ են բերում»,–ասաց Ղազարյանը։
Նա հայտնեց, որ, ճիշտ է, այս տարվա լոլիկի բերքի քանակը դեռ չի ամփոփվել, սակայն մթերման և արտահանման պատկերից պարզ է դառնում, որ եթե ոչ կրկնակի, ապա եռակի, քառակի անգամ ավել է եղել այն։ Մասնագետը նշեց, որ նախորդ տարի լոլիկի դիֆիցիտ կար ՀՀ–ում, քանի որ բերքի մեջ հիվանդություն էր տարածվել. այս տարի նման խնդիր չի եղել։
Ղազարյանը տեղեկացրեց, որ այս տարի մթերվել է 35 000 տոննա լոլիկ` նախորդ տարվա 17 900 տոննայի դիմաց։ Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այստեղ էլ նախորդ տարվա համեմատ 35 տոկոս աճ կա։
«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հայկական լոլիկի իրացման խնդիր այս տարի չի եղել։ Նրա խոսքով` Թուրքիայից ներմուծված լոլիկի գներն ավելի մատչելի են, ինչն էլ առիթ է, որ այդքան մեծ քանակությամբ լոլիկ բերվի Թուրքիայից Հայաստան։
«Ձմռանը թուրքական լոլիկն աճեցնում են պոլիէթիլենային թաղանթների տակ` առանց ջեռուցման, իսկ մեր ջերմոցները նաև ջեռուցվում են, ինչի պատճառով էլ բերքը թանկ են վաճառում։ Մյուս կողմից` հայկական լոլիկն արտահանվում է, և այն շուկաները, որտեղ մենք ԵԱՏՄ–ի շնորհիվ մուտք ունենք, թուրքական լոլիկն այդ շուկաներ մուտք չունի, դրա համար էլ ՀՀ են ուղարկում»,–ասաց նա։
Բերբերյանը նկատեց նաև, որ չնայած շատերը բողոքում են թուրքական լոլիկի ներմուծումից, սակայն այն կարծես զսպաշապիկ լինի մեր արտադրողների համար, որպեսզի բանջարեղենի գները չբարձրացնեն։ Բացի այդ, այս տարի թուրքական լոլիկի ներմուծման բարձր ցուցանիշ է գրանցվել, քանի որ մինչ այդ պատկան մարմինների ներկայացրած վիճակագրական տվյալները կասկածի առիթ էին դառնում` շատ թվեր նկարվում էին։
Sputnik Արմենիան զրուցել է նաև Արմավիրի մարզի այն համայնքների ղեկավարների հետ, որտեղից հաճախ էինք նախորդ տարիներին լսում, որ լոլիկի արտադրության կամ մթերման խնդիրներ կան։ Արաքս համայնքի ղեկավար Ռուբեն Կարապետյանը վստահեցրեց` այս տարի, նախորդ տարվա համեմատ, լոլիկի բերքն անգամ ավելացել է։ Նրա խոսքով` սպառման կամ մթերման հետ կապված էլ այս տարի որևէ բողոք համայնքում չի եղել։ «Լավ տարի էր` կարկուտ ու երաշտ չեղավ, դրա համար էլ նման պատկեր ունենք»,–ասաց նա։
Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանն էլ հայտնեց, որ այս տարի 300 տոննա լոլիկ են ունեցել, որը մի փոքր քիչ է նախորդ տարվա համեմատ, սակայն տարբերությունը շատ քիչ է։ Բերքի նվազման պատճառն էլ, ըստ նրա, ցեցն է, որից խուսափել չի ստացվում։ Մարկոսյանը տեղեկացրեց նաև, որ իրենց համայնքի լոլիկը հիմնականում Ռուսաստան են արտահանում ։
Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի խոսքով` իրենց համայնքում լոլիկի բերքը նվազել է վերջին 10 տարիների ընթացքում։ Սակայն, ըստ նրա, այս տարի բերքի քանակը նորմալ է եղել և նախորդ տարվա համեմատ չի նվազել։ Վարդանյանը նույնպես վստահեցրեց, որ լոլիկի մթերման, արտահանման, վաճառքի խնդիր չեն ունեցել։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 4–ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց հաշվարկների համաձայն` Հայաստանում այս տարի լինելու է հավելյալ 40 հազար տոննա լոլիկի պահանջարկ:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:
«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:
Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։
«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։
«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։
Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են


