Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանն ազատ արձակվեց. որոշումը կայացվել է

192
(Թարմացված է 14:34 12.11.2019)
Բաբայանի ազատության համար երաշխավորել են «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Ուսումնասիրելով Արսեն Բաբայանի նկատմամբ քրեական գործի նյութերը և նկատի ունենալով, որ նախաքննության ներկա փուլում արդեն իսկ կատարվել է նրան առնչվող անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների հիմնական մասը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դիտարկում է Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու հնարավորությունը։ Այս մասին Facebook-ում հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Նվազել է վերջինիս ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու վտանգը»,– ասված է ՀՔԾ գրությունից մեջբերված հատվածում։

Ի դեպ, նշվում է նաև, որ անձնական երաշխավորությամբ հանդես են եկել «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Նրանք ներկայացրել են երաշխավորման մասին դիմումներ և որպես երաշխիքի գումար` 500.000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճեները։

Այսօր` 2019 թվականի նոյեմբերի 12-ին, որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ:

Որոշումն ուղարկվել է քրեակատարողական հիմնարկ`դրա կատարումն ապահովելու նպատակով:

Հավելենք, որ քիչ առաջ Արսեն Բաբայանն ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ–ից։ Նա արդեն 22 օր է` անազատության մեջ է։

Հիշեցնենք` ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը ձերբակալվել է հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան մեկ այլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել է։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

Հայրապետյան. «Իրավական վերջին զարգացումները ՍԴ-ի դեմ սկսված օպերացիայի մասնիկներն են» 

Ըստ ՀՔԾ հաղորդագրության` Հարությունյանի` ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը ՍԴ աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018–ի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ:

192
թեգերը:
ՀՀ գլխավոր դատախազություն, կալանավոր, կալանք, Արսեն Բաբայան
Ըստ թեմայի
Քոչարյանի փաստաբանները «քարը քարի վրա չեն թողնելու»
Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է. պահանջում են ազատ արձակել նրան
Թանկարժեք ճգնաժամ. Թովմասյանին ու ՍԴ դատավորներին որքան գումարի դիմաց կուղարկեն թոշակի