Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանի հայտարարած հիփոթեքային ծրագիրը դեռ չկա, բայց անուն արդեն ունի

195
(Թարմացված է 17:08 08.11.2019)
Հայրենադարձներին կօգնեն բնակարան գնել հայրենիքում։ Շատ երեխաներ ունենալն ու Հայաստանում աշխատելը կնպաստեն տոկոսները նվազեցնելուն։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Նելլի Դանիելյան. Հայաստանում աշխատող, հարկեր վճարող, ընտանիք ունեցող հայրենադարձները կկարողանան օգտվել հիփոթեքային արտոնյալ վարկավորման ծրագրից։ Այս մասին  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը` պատասխանելով կես տարի առաջ ՀՀ վարչապետի հայտարարած ծրագրի մասին մեր հարցմանը։

«Երբ որ ծրագիրը վերջնական տեսքի գա, կհրապարակվի։ Հենց հրապարակվի` կարող ենք ասել, որ մեկնարկը տրված է։ Նախագիծը մի անգամ քննարկում անցել է, բայց ամբողջացնելու խնդիր կա»,–ասաց նա։

Ալեքսանյանը նշեց, որ ծրագիրը դեռ մշակման փուլում է, բայց որոշ չափորոշիչներ արդեն հայտնի են։ Արտոնյալ հիփոթեքից կկարողանան օգտվել միայն այն հայրենադարձները, ովքեր հայրենիքում տուն չունեն։ Շահառուն հնարավորություն կունենա ընտրել բնակավայրը, որտեղ ուզում է տուն ունենալ։ Կսահմանվի տան արժեքի առավելագույն շեմը, որը թերևս համարժեք կլինի պետական այլ ծրագրերով հաստատված գներին։

Բնակպայմանների բարելավման տարբերակ ծրագրով չի նախատեսվելու։

«Ծրագրի մեջ կլինեն կատեգորիաներ` ընտանիքի կազմը, ընտանիքում երեխաների առկայությունն ու քանակը, սոցիալական դրությունը և այլն։ Կգործի բալային համակարգ։ Նրանք, ովքեր ինքնազբաղվածություն կապահովեն ու հարկեր մուծելու հնարավորություն կունենան, նրանց բալերն, իհարկե, ավելի բարձր կլինեն, տոկոսներն էլ համապատասխանաբար` ավելի ցածր։ Համակարգը ճկուն կլինի»– ասաց Ալեքսանյանը։

Հայրենադարձության վարչության պետը շեշտեց, որ վարկի մայր գումարը շահառուներն իրենք են մուծելու։ Սուբսիդավորումը միայն վարկի տոկոսադրույքների համար է լինելու։

Նա վստահեցրեց, սակայն, որ հայրենադարձներին տրվող վարկերի տոկոսները չեն գերազանցի երիտասարդ ընտանիքներին տրամադրվող պետական ծրագրի տոկոսադրույքները։ Նույնիսկ չբացառեց, որ ավելի ցածր լինեն։

Պետությունը շենքեր կկառուցի մարզերում, մարդիկ կկարողանան բնակարաններ գնել հիփոթեքով

Հիշեցնենք` հայրենադարձների համար մշակվող հատուկ ծրագրի մասին առաջինը հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 2019թ.–ի ապրիլի 19-ին, facebook–ի ուղիղ եթերում։ Վարչապետն ասել էր, որ ծրագիրն արդեն մշակվում է` Կենտրոնական բանկի հետ համատեղ։

Այս հայտարարությունից 7 ամիս անց Կենտրոնական բանկից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նախագծի իրականացման հետ կապված հաշվարկներն ավարտել են ու 2019թ.–ի ապրիլ–մայիսին ուղարկել ՀՀ Սփյուռքի նախարարություն։

Նշենք, որ 2020թ.–ի բյուջեում Հայրենադարձների հիփոթեքային ծրագիրը ներառված չէ, բայց հեղինակները վստահ են` դրա մեկնարկի հետ կառավարությունը միջոցներ կգտնի։

Դեռևս հայտնի չէ, թե քանի ընտանիք կկարողանա օգտվել արտոնյալ պայմաններով վարկերից ու որքան գումար կտրամադրի այդ նպատակով պետությունը։

Ծրագրի ֆինանսական բաղադրիչները նույնպես առայժմ չեն հրապարակվում, քանի որ հաշվարկները խիստ նախնական են ու հնարավոր է` փոխվեն։

Ու թեև ծրագրի շատ դրույթներ դեռ հայտնի չեն կամ չեն հրապարակվում, բայց դրա անվանումն արդեն հայտնի է` «Օջախ»։

Կառավարությունը կխթանի ծնելիության աճը. միանվագ նպաստը կբազմապատկի, հիփոթեքին կօգնի

Հայտնի է նաև, որ հայրենադարձների վարկավորման ծրագիրը մշակվում է 2 տարվա համար` որպես փորձնական նախագիծ։

2 տարվա ընթացքում պարզ կդառնա` որքանով է այն արդյունավետ, պահանջարկված, ու նպատակահարմա՞ր է արդյոք այն շարունակել նաև հետագայում։

195
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ընտանիք, Սփյուռք, Հիփոթեքային վարկ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ բարերարը մեծ գումարներ կներդնի հայրենադարձությանը նպաստելու համար
Հայրենադարձությունն ու օպերային արվեստը. ովքե՞ր են ՀՀ «դեսպանները»
«Ջավախքից չես, վճարիր»․ ինչպես է հայրենադարձը հիասթափվում Հայաստանից և կրկին սիրում
Հայրենադարձությունը՝ առաջնային խնդիր. Զարեհ Սինանյանն աշխատում է ռուսաստանաբնակ հայերի հետ