Զորահավաք. արխիվային լուսանկար

Առողջապահության նախարարությունը դեմ է ՊՆ–ի առաջարկած զորակոչային բժշկական հանձնաժողովին

91
(Թարմացված է 12:36 07.11.2019)
Ձմեռային զորակոչը շուտով կսկսվի, իսկ նախարարությունները դեռ համաձայնության չեն եկել, թե ով է պատասխանատու զորակոչիկների առողջական վիճակի գնահատման համար։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. 2019 թվականի ձմեռային զորակոչը Հայաստանում կմեկնարկի 2019թ–ի դեկտեմբերի 16-ից, իսկ նախապատրաստական աշխատանքները` նոյեմբերի 14-ից։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

Նա հայտնեց, որ զորակոչային կենտրոնական հանձնաժողովի և կենտրոնական բժշկական հանձնաժողովների կազմերը հաստատվել են նախարարությունում։

«Մենք առաջարկել ենք և շնորհակալ ենք Առողջապահության նախարարության գործընկերներին և իրենց համաձայնությունն ունենք, որ ի տարբերություն մնացած զորակոչերի, այս տարի բժշկական հանձնաժողովը նախագահելու է ոչ թե զինվորական կոմիսարը, այլ առողջապահության նախարարի տեղակալը»,– ասաց Գաբրիելյանը։

Կառավարության նիստին ներկա առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, սակայն, հակադարձեց, որ նախարարությունն այդ հանձնաժողովի անդամների վերաբերյալ որոշ վերապահումներ ունի։

«Բանավոր քննարկումների ժամանակ քննարկված կազմը չի համապատասխանում նրան, ինչ նախագծի մեջ է ներառված։ Մենք պնդում ենք, որ այս կազմի վերաբերյալ լուրջ մտահոգություն ունենք, և չենք պատրաստվում մեր համաձայնությունը տալ այս կազմին»,– ասաց նա։

Նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց խնդիրը լուծել երկու գերատեսչությունների միջև, իսկ մինչ այդ ընդունել զորակոչի մասին նախագիծը` առանց բժշկական հանձնաժողովի մասին կետի։

Արդյունքում որոշումն ընդունվեց` համաձայնեցված վերապահումով։

ՀՀ ՊՆ «թեժ գիծ». ի՞նչն է ամենից շատ մտահոգում զորակոչիկների ծնողներին

Նշենք, որ կառավարության նիստում ներկայացված նախագծով, հանձրաժողովի նախագահի առաջարկված թեկնածուն Առողջապահության նախարարի տեղակալ Հակոբ Հակոբյանն է, հանձնաժողովի նախագահի տեղակալը` բժիշկ Գարիկ Սարգսյանը, Առողջապահության նախարարության ներկայացուցիչը` Հովիկ Բալյանը։

Հանձնաժողովում ներառված են նաև 2 թերապևտ, 2 սրտաբան, 1–ական նյարդաբան ու մաշկաբան, 2 վիրաբույժ, 2 վնասվածքաբան, 2 ակնաբույժ և 2 հոգեբույժ։

91
թեգերը:
ՀՀ կառավարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), ՀՀ Առողջապահության նախարարություն, զորակոչիկ, զորակոչ
Ըստ թեմայի
«Կոռուպցիան արմատախիլ կարվի». Թորոսյանը` զորակոչի բուժհանձնաժողովների աշխատանքի մասին
Կեղծ բժշկական փաստաթղթերով ու կաշառքով ազատվել են զինծառայությունից. ԱԱԾ բացահայտումը
Զինկոմներին կից բժշկական հանձնաժողովներից դուրս մնացած աշխատողները փոխհատուցում կստանան