Գնորդ

Սոված չենք մնա. ՀՀ–ում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա

196
(Թարմացված է 20:59 01.11.2019)
2020 թվականին նվազագույն կենսաթոշակն ու նպաստները կավելանան։ Կաճի և՛ բազային գումարը, և ստաժային հավելումը` առանց բացառության բոլոր 502 հազար կենսաթոշակառուների համար։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Նվազագույն կենսաթոշակը Հայաստանում 25,5 հազարից կդառնա 26,5 հազար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այս մասին ասաց 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Միաժամանակ 2020 թվականին կբարձրանան նաև կենսաթոշակի հաշվարկի գործակիցները։ Բազային գումարը 16 հազարից կդառնա 18 հազար, իսկ առաջին տասը տարվա ստաժի վճարը` ամեն տարվա համար 950 դրամ (նախկին 800 դրամի փոխարեն)։ Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարը կկազմի 500 դրամ։ Եթե այդ հաշվարկով կենսաթոշակը 26 500 դրամից պակաս լինի, թոշակառուն կստանա երաշխավորված նվազագույնը։

Նա ընդգծեց, որ նվազագույն շեմը կբարձրանա ոչ միայն կենսաթոշակների դեպքում, այլև ծերության նպաստի (որը ստանում են առանց աշխատանքային ստաժի թոշակառուները), հաշմանդամության ու կերակրողին կորցրած մարդկանց նպաստների։ Ինչ վերաբերում է կենսաթոշակների հաշվարկի նոր մեխանիզմին, ապա բազային թոշակն ու ստաժի տարիների հավելումը վերաբերում է նաև զինթոշակառուներին։

2020 թվականին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծախսերը կկազմեն 492,5 միլիարդ դրամ կամ մոտ 1 միլիարդ 35 միլիոն դոլար, ինչը 11%–ով գերազանցում է 2019 թվականի տվյալները։

Նախարարության հաշվարկով` 2020 թվականին հանրապետությունում 468,7 հազար քաղաքացիական ու 33,6 զինթոշակառու է լինելու (502 հազարից մի փոքր շատ)։

Ինչպիսին է 2020թ.–ի բյուջեն ըստ վարչապետի

Նշենք` 2019 թվականից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով նվազագույն կենսաթոշակը 16 հազարից 25,5 հազար դրամ է դարձել ու առաջին անգամ հասել ծայրահեղ աղքատության նվազագույն շեմին։ Այժմ կենսաթոշակներն ու նպաստները հաշվարկել են` գների փոփոխությունը հաշվի առնելով։

Նվազագույն պարենային զամբյուղը Հայաստանում պաշտոնապես չի հաշվարկվում։ Դրա համար երկու ցուցանիշ կա. սննդամթերքի նվազագույն օրական կարիքը, որն առողջապահության նախարարությունն է սահմանում։ 2019 թվականի հունիսին այն կազմել է ամսական 35 950 դրամ մեկ մարդու համար։

Երկրորդ հաշվարկը կատարվում է ԱՎԾ–ի` տնային տնտեսությունների պարբերական հետազոտությունների արդյունքներով` Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ (առողջապահության նախարարության զամբյուղի համեմատ` այստեղ քիչ է մսի ու բանջարեղենի չափաբաժինը, շատ է հացը)։ 2019 թվականի հունիսին այդ ցուցանիշը կազմել է 26 690 դրամ։ Նվազագույն օրական զամբյուղում ներառվել է 460 գրամ հաց, 48 գրամ միս, 30 գրամ կարագ կամ յուղ, 114 գրամ միրգ (խնձոր), 204 գրամ բանջարեղեն (կաղամբ կամ սոխ), 146 գրամ կարտոֆիլ, 24 գրամ շաքարավազ։

«Որ էսպես գնա, նորմալ կապրենք». պետությունը 500 մլն կտրամադրի աղքատ ընտանիքներին

196
թեգերը:
թոշակառու, Հայաստան
Ըստ թեմայի
Արդյունք կտա՞ նպաստների վերաբերյալ նախագիծը. տնտեսագետի կարծիքը. տեսանյութ
Ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը կլուծվի․ Զարուհի Բաթոյան
Ի՞նչ է կատարվել իրականում. Կարապետյանը բացատրում է աշխատավարձերի գաղտնի բարձրացումը