ORSIS

«ՊՆ–ն է տապալել տենդերը». փաստաբանը` ձախողված հայ–ռուսական գործարքի մասին

316
(Թարմացված է 21:49 24.10.2019)
Ռուսական ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ներկայացնում է ձախողված գործարքի վերաբերյալ իր վարկածը։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ORSIS ռուսական ընկերության կողմից Հայաստանին ռազմական արտադրանք առաքելու տենդերի ձախողումը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության մեղքով։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Александр Сирунян
© Sputnik / Arsen Hakobyan
Ալեքսանդր Սիրունյան

Բազմամիլիոնանոց գործարքով զենքի առաքման մրցույթը պետք է տեղի ունենար այս ամառ, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը չեղարկել է ռուսական ընկերության հայտը բանկային երաշխիք հանդիսացող գումարը չվճարելու պատճառով։ Միաժամանակ Հայաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» փաստով։

Փաստաբանի խոսքով` մրցույթը դարձել է բյուրոկրատական քաշքշուկի «զոհ», որը կազմակերպել է հայկական ռազմական գերատեսչությունը։

Ընթացիկ տարվա սկզբին Պաշտպանության նախարարությունը տենդեր է հայտարարել բավական մեծ խմբաքանակով ռազմական արտադրանք գնելու համար։ Տենդերին մասնակցության հայտ է ներկայացրել ռուսական «Պրոմտեխնոլոգիա» (ORSIS զինական համակարգերը) ռուսական ընկերությունը։

«ORSIS–ը ինչպես անցյալում, այնպես էլ հիմա` կապ է պահպանում մեր Պաշտպանության նախարարության հետ` որոշակի ռազմական արտադրանք առաքելով։ Այսինքն, դա հայկական կողմի համար բոլորովին անծանոթ ընկերություն չէ»,–հաղորդեց Սիրունյանը։

Նրա խոսքով` տենդերի միակ մասնակիցը ORSIS ընկերությունն էր, որն էլ շահել է այն։

«Այն բանից հետո, երբ ORSIS–ը հաղթող է ճանաչվել, փաստաթղթերն ուսումնասիրելու փուլում իսկական կինո է սկսվել. նրանցից  փաստաթղթեր են պահանջել մինչ այդ մյուս երկրներին կատարված առաքումների մասին», – պատմեց փաստաբանը։

Ավելին. նրա խոսքով` Հայաստանի պաշտպանության նախարարությունում պահանջել են ներկայացնել ոչ միայն պայմանագրեր, այլ նաև փաստաթղթեր, որոնք հաստատում են` այդ երկրները ստացել են առաքվող զենքը։

«Իրավիճակը գնալով ավելի անհեթեթ է դարձել։ Ընկերությունից ոչ միայն փաստաթղթեր են պահանջել արտադրանքի ավիափոխադրումների մասին, այլ նաև թղթերի, որոնք կհաստատեին այդ պետությունների կողմից զենքը ստանալը։ Պաշտպանության փոխնախարարների մակարդակում ներկայացվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և, չնայած դրան, ՊՆ–ն մրցույթը չկայացած է համարել համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով»,–նշեց փաստաբանը։

Սիրունյանի խոսքով` ORSIS–ը 105 միլիոն դրամ է փոխանցել  «Հայբիզնեսբանկի» հաշվին` որպես բանկային երաշխիք, սակայն մրցույթից հետո փոխնախարար Մակար Ղամբարյանը, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, փորձել է անօրինական կերպով հանել այդ գումարը և փոխանցել անհայտ բանկային հաշվի։ Բայց դա չի հաջողվել նրան. բանկի հետ Սիրունյանի փաստաբանական գրասենյակի քննարկումների արդյունքում այդ միջոցները հանելու փորձը կանխվել է։

Հիմա փաստաբանը պնդում է, որ վերոհիշյալ քրեական գործը պետք է քննի Հատուկ քննչական ծառայությունը, այլ ոչ թե Քննչական կոմիտեն։ Նա վստահ է, որ խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այդքան կարևոր գործարքը նպատակաուղղված ձախողելու մասին է։ Այժմ իրավաբանը պատասխանի է սպասում համապատասխան մարմիններից։

Ռուսաստանը բողոքի նոտա կուղղի Հայաստանին` զենքի մատակարարման տենդերը ձախողելու համար

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՌԴ ԱԳՆ–ին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված նամակը, որում խնդրում են նախարարին պարզաբանել զենքի տենդերի ձախողման շուրջ ստեղծված իրավիճակը։ ORSIS ընկերությունն ընդգրկված է «Պրոմտեխնոլոգիա» խմբում և զբաղվում է հրազենի, փամփուշտների ու հատուկ օպտիկայի արտադրությամբ ու մատակարարմամբ։ Տարիներ շարունակ ընկերությունը զենք, փամփուշտներ ու օպտիկա է մատակարարել, իսկ հետո հայտնվել է «Հայաստանի ԶՈւ–ի մատակարարների սև ցուցակում»։

316
թեգերը:
տենդեր, Ալեքսանդր Սիրունյան, փաստաբան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան, ORSIS զինագործական ապրանքանիշ
Ըստ թեմայի
Հայաստանին զենքի մատակարարման տենդերի տապալումից հետո քրեական գործ է հարուցվել
Ինչո՞ւ է ՀՀ–ին` զենքի մատակարարման տենդերի տապալումից հետո քրգործ հարուցվել
Ռուսաստանում ամերիկյան AR-15 հրացանի անալոգը կարտադրեն