ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդության, ինչպես նաև պաշտպանների` կալանավորման ոչ իրավաչափության մասին բողոքի որոշումները դատարանը կհրապարակի վաղը` հոկտեմբերի 24–ին, ժամը 12–ին։ Այս մասին այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստից հետո լրագրողներին ասացին Բաբայանի պաշտպաններ Լուսինե Մարտիրոսյանը և Երվանդ Վարոսյանը։
«Դատարանը միաժամանակ քննության առարկա դարձրեց մեր` ձերբակալության իրավաչափության հետ կապված բողոքի քննությունը և քննիչի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությունը։
Քննարկման արդյունքում դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և որոշումը կհրապարակի վաղը»,–ասաց Մարտիրոսյանը։
Երվանդ Վարոսյանի խոսքով` թեպետ դատական նիստի զուտ ընթացքը իրենց առավել քան գոհացրել է, բայց բազմաթիվ առարկություններ կան։ «Նիստի ընթացքում չլսեցինք ու ականատես չեղանք որևէ փաստական հիմքի, որի վրա հիմնվելով դատարանը հնարավոր է հաստատված համարի այս մեղադրանքով հիմնավոր կասկածի առկայությունը կամ կալանքի համար անհրաժեշտ որևէ հիմքի առկայությունը։ Բայց կանխատեսել, թե ինչ կլինի դատարանի որոշումն անհնար է»,–ասաց Վարոսյանը։
Պատասխանելով ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանի հարցաքննության արձանագրությունը իրենց չտրամադրվելու և դատարան չերկայացվելու մտահոգությանը` Վարոսյանը նշեց, որ այդ հարցը բարձրացրել են նիստին, ցուցմունքը պահանջել և ոչ միայն այդ ցուցմունքը. «Որևէ հավելյալ բան վարույթ իրականացնող մարմինը հրաժարվեց տրամադրել, և մենք ստիպված էինք մամուլում առկա տեղեկությունն այդ տեսքով տրամադրել դատարանին։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։
Հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Եթե խորհրդարանական ընդդիմության ընկերներն ընդունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը, ապա կունենանք ընտրություններ համաձայնեցված ժամկետներում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչպե՞ս է հանգուցալուծվելու ներկա քաղաքական ճգնաժամը։
Նշենք, որ կառավարության հետ մեկուկես ժամանոց հարցուպատասխանի ընթացքում բազմիցս հարցեր էին հնչել՝ ուղղված վարչապետին, սակայն դրանց պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ինչո՞ւ անել արտահերթ ընտրությունները համաձայնեցմամբ։ Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկսի» տրամաբանության մեջ։ Ընտրությունը գործիք է հանրային համերաշխության և ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու։ Որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան նրանք, ովքեր ժամանակ ունեն մասնակցելու հանրահավաքներին, այլև մյուսները»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` կառավարությունը պետք է լինի երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար և օրինական պայմաններում։
Փաշինյանը հայտնեց, որ արդեն իսկ հրավեր է ուղարկել խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին, որոնց հետ ուզում է հանդիպել և արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերել։
Անդրադառնալով կիսանախագահական կառավարման անցնելու իր հայտարարությանը` Փաշինյանը նշեց, թե այդ հարցն առաջ բերելուց որևէ կոնկրետ բովանդակություն նկատի չի ունեցել։ «Ես նկատի եմ ունեցել, որ կա իրավիճակ, և Սահմանադրության գործունակության վերաբերյալ էլ հարցեր կան, ուրեմն եկեք ևս մեկ անգամ անդրադառնանք այդ հարցին»,–ասաց Փաշինյանը։
ԱԺ նիստն ավարտվեց։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայկական ընկերությանը պատկանող առևանգված օդանավն այսօր կարող է վերադառնալ Հայաստան։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով Boeing 737 ինքնաթիռի առևանգման մասին լուրերին։
«Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավն այսօր վերադառնա Հայաստան»,– ասաց Ավինյանը։
Նա նաև մեկնաբանեց, թե կառավարության տեղեկություներով ինչ է իրականում տեղի ունեցել ինքնաթիռի հետ։
«Օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով Fly Armenia airways ընկերությունը պաշտոնապես դիմել է կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալլին քաղաքից Ուկրաինայի «Գոստումեռ» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա` կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվութոյունը,ինչը չի հակասում միջազգային որևէ պահանջի»,– ասաց Ավինյանը։
Նա հավելեց, որ օդանավը, խախտելով թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, մեկնել է այլ ուղղությամբ` Բուլղարիայի «Վառնա» օդանավակայան, ապա ուղղություն է վերցրել դեպի «Շարժա», սակայն դեռևս չպարզված հանգամանքներում վայրէջք է կատարել Իրանի «Մերաբաթ» օդանավկայանում։
Նա նաև շեշտեց, որ այս պատմության ողջ պատասխանատվությունը կրում է միայն ու միայն շահագործող ընկերությունը։ Թե՛ այդ ընկերութունը, և թե՛ իրանական կողմը հավաստիացրել են, որ այդ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ` վառելիքի հետ կապված խնդիրներով։
Հիշեցնենք` փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։ Կառավարությունն այս լուրերին որևէ կերպ չի արձագանքել։
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:
Ճաղարյանը գրել է, որ օդանավը թռիչք է կատարել էստոնական Տալլինից, և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում:
Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրատներ` տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:


