ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ներկայացրեց այն սցենարները, որոնք հնարավոր են Նաիրի Հունանյանի դիմումի արդյունքում։
«Եթե Պրոբացիայի ու Քրեակատարողական ծառայությունները տալիս են դրական եզրակացություն, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։ Եթե այդ երկու կառույցներից մեկը տալիս է դրական, մյուսը` բացասական եզրակացություն, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է հարցը քննարկվի դատական կարգով։ Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, ապա հարցը համարվում է մերժված»,– բացատրեց Բադասյանը։
Նախարարը նշեց, որ ՔԿ ծառայությունը բացասական եզրակացություն է տվել, ինչը իրեն թույլ է տալիս ենթադրել, որ Պրոբացիայի ծառայությունը ևս բացասական պատասխան կտա։
«Հաշվի առնելով, որ առաջնորդվելու են նույն չափորոշիչներով, կարծում եմ` ելքը պարզ է»,– ասաց Բադասյանը։
Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը սեպտեմբերի 11–ին դիմում էր ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, քանի որ օրենքով դատապարտվելուց 20 տարուց անց ցմահ դատապարտյալներն իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար։
Դիմումը քննվելու է 80–օրյա ժամկետում։
Նաիրի Հունանյանը պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
Նաիրի Հունանյանն ԱԱԾ գործակալ է եղե՞լ. Վանեցյանի մեկնաբանությունը
Հիշեցնենք նաև, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանել ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։
Դատարանի որոշմամբ, Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, Համլետ Ստեփանյանը` 14 տարվա ազատազրկման։
Ազատազրկման տարիների ընթացքում խմբի անդամներից 4-ը մահացան, ինչը կասկածներ ծնեց հանրության շրջանում։
Առաջինը` դեռ նախաքննության փուլում` 2000թ.-ին իր բանտախցում էլեկտրահարվեց մասնագիտությամբ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը, որը մեղադրվում էր հանցախմբին զենք վաճառելու մեջ:
2004թ. ապրիլի 16-ին «Նուբարաշեն»– ում կախված հայտնաբերվեց Նաիրի և Կարեն Հունանյանների քեռի Վռամ Գալստյանը։ Մինչ այդ նա առերես հարցաքննություն էր պահանջել Նաիրի Հունանյանի, Էդիկ Գրիգորյանի հետ` հայտարարելով, որ կարևոր ասելիք ունի «Հոկտեմբերի 27-ի» գործով։
2010թ.-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանկարծամահ էր եղել Համլետ Ստեփանյանը` պաշտոնական վարկածով` սրտի կաթվածից։
ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից
2017թ.–ին բանտում սրտի կաթվածից մահացավ նաև Էդիկ Գրիգորյանը։ Ըստ գործի նյութերի՝ հանցախմբի բոլոր զենքերը ձեռք էին բերվել, խմբի անդամներից մի քանիսը հավաքագրվել էին Գրիգորյանի ջանքերով։
Գործով անցնող կարևոր վկաներից 2004 թվականին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախված հայտնաբերվեց ԱԺ արձանագրային բաժնի աշխատակից Հասմիկ Աբրահամյանը:
2004 ավտովթարից մահացավ գործով կալանավորված, ապա ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, ով ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եղբայրն էր:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Եթե խորհրդարանական ընդդիմության ընկերներն ընդունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը, ապա կունենանք ընտրություններ համաձայնեցված ժամկետներում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչպե՞ս է հանգուցալուծվելու ներկա քաղաքական ճգնաժամը։
Նշենք, որ կառավարության հետ մեկուկես ժամանոց հարցուպատասխանի ընթացքում բազմիցս հարցեր էին հնչել՝ ուղղված վարչապետին, սակայն դրանց պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ինչո՞ւ անել արտահերթ ընտրությունները համաձայնեցմամբ։ Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկսի» տրամաբանության մեջ։ Ընտրությունը գործիք է հանրային համերաշխության և ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու։ Որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան նրանք, ովքեր ժամանակ ունեն մասնակցելու հանրահավաքներին, այլև մյուսները»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` կառավարությունը պետք է լինի երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար և օրինական պայմաններում։
Փաշինյանը հայտնեց, որ արդեն իսկ հրավեր է ուղարկել խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին, որոնց հետ ուզում է հանդիպել և արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերել։
Անդրադառնալով կիսանախագահական կառավարման անցնելու իր հայտարարությանը` Փաշինյանը նշեց, թե այդ հարցն առաջ բերելուց որևէ կոնկրետ բովանդակություն նկատի չի ունեցել։ «Ես նկատի եմ ունեցել, որ կա իրավիճակ, և Սահմանադրության գործունակության վերաբերյալ էլ հարցեր կան, ուրեմն եկեք ևս մեկ անգամ անդրադառնանք այդ հարցին»,–ասաց Փաշինյանը։
ԱԺ նիստն ավարտվեց։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի դուռը: Նրանք կեսօրից սկսած նստել են մարզպետարանի մուտքի դիմաց և աստիճաններին ու պահանջում են հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան:

«Այս ակցիան մեր երեխաների համար է, ուզում ենք իմանալ, թե երբ են բերելու մեր տղաներին` հստակ ժամանակ ենք պահանջում։ Ո՞վ է բերելու մեր տղաներին, ե՞րբ՝ ոչ մի բան չգիտենք»,-մեզ հետ զրույցում ասաց գերիներից մեկի մայրերը:
Գերիների ծնողները վրդովված են, որ իրենց մինչ այս պահը հստակ պատասխան չեն տվել, միայն հորդորել են համբերել ու սպասել: «Բայց էս մոլորությամբ ինչքան կարելի է սպասել: Գոնե իմանանք` ինչ է կատարվում: Հա ասում են` այս ամսվա վերջին կբերենք, մյուս ամսվա 15-ին կբերենք: Ասենք թե մենք այստեղ սպասենք, բա էն երեխեքը այնտեղ, ինչպե՞ս կսպասեն, հլը իրենց վիճակը պատկերացրեք»,-լրագրողների հետ զրույցում ասացին ծնողները:
Ինչպես նախկինում այս անգամ ևս հարազատները վստահեցնում են՝ ոչ մի քաղաքական պահանջ ու ենթատեքստ իրենց ակցիաները չունեն՝ միայն պահանջում են որդիների վերադարձը:
«Մեզ միայն մեր երեխաների հարցի լուծումն է պետք: Մեզ թող պատասխան տան, կամ ՀՀ վարչապետը մեզ ընդունի ու հստակ պատասխան տա մեր երեխաների ճակատագրի մասին: Էլ հնարավոր չէ սպասել: Հա՛մ խնդրում, հա՛մ պահանջում ենք: Մեռած ենք, թաղած չենք»,-նշեցին մայրերը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ օրեր առաջ Գյումրիում կայացած հանդիպմանը` ծնողները վստահեցրին՝ հստակ պատասխաններ չեն ստացել: «Արդեն 80 օր մեր երեխաներին չենք տեսել, ինչքան երկարեց, այնքան մեր տղաների վիճակը վատանալու է: Մենք ինչպես մեր երեխաներին հանձնել ենք իրենց, թող այդպես էլ սաղ-սալամաթ բերեն մեզ վերադարձնեն: Մեզ համար ցավալին այն է, որ մեր տղաները գերեվարվել են հրադադարից հետո»:

Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ գերեվարված զինվորների ծնողները պահանջել էին հանդիպում ՀՀ և ԱՀ նախագահների հետ: Ասացին` մինչ օրս ոչ մեկի կողմից արձագանք չի եղել: Ծնողները վստահեցրին՝ եթե վաղը չստանան իրենց հարցերի պատասխանները, կամ էլ իրենց վարչապետը չընդունի, կդիմեն ծայրահեղ քայլերի: Թե ինչ քայլերի, նախընտրեցին գաղտնի պահել։


