ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը կարծում է, որ իրեն կարող են մեղադրել մեկ հարցում։ Այս մասին Բաբլոյանն ասաց «Արաբկիր» ԲԿ–ում լրագրողների հետ զրույցում։
«Ամեն ինչ արել եմ օրենքին և Սահմանադրությանը համապատասխան։ Ես որևէ հարցում մեղավոր չեմ, և ինձ կարող են մեղադրել միայն մեկ հարցում, որ նպաստել եմ Փաշինյանը գա իշխանության»,–ասաց նա։
Բաբլոյանը նշեց, որ մի քիչ նեղված է իրավապահներից, քանի որ իրեն հարցաքննելը հրատապ չէր, սակայն իրեն տարել են հարցաքննության վիրահատության ընթացքում։ Իսկ այդ վիրահատությանը, ըստ Բաբլոյանի, նա պատրաստվել էր 20 տարի։ Նա հայտնեց նաև, որ հարցաքննությունից հետո վերադարձել ու մասնակցել է վիրահատության ընթացքին։
«Քննիչներն ինձ ասացին` անհապաղ պետք է քննչական մարմին ներկայանամ։ Ես էլ չուզեցի, որ հասարակությունը կարծի` խուսափում եմ, դրա համար էլ կիսատ թողեցի վիրահատությունն ու գնացի նրանց հետ»,–ասաց նա։
Ի դեպ, խոսքը վերաբերում է «Արաբկիր» ԲԿ–ում երեկ կատարված լյարդի փոխպատվաստմանը. առաջին անգամ Հայաստանում երեխայի լյարդի փոխպատվաստում էին արել։
Հիշեցնենք` Բաբլոյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել`իշխանությունը յուրացնելու կասկածանքով։
Ըստ առաջադրված մեղադրանքի` 2018 թվականի մարտի 1-ի դրությամբ, երբ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր շուրջ 40 օր, մի խումբ պաշտոնատար անձինք այդ պաշտոնում իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ զավթել են իշխանությունը՝ Հրայր Թովմասյանին 2018 թվականի մարտի 21-ին նշանակելով Սահմանադրական դատարանի նախագահ։
Քանի որ ՍԴ այն ժամանակվա նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, նա 2018 թվականի մարտի 1-ով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ստորագրել։
Այս դիմումն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ, քանի որ հակառակ պարագայում ԱԺ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչև Ազգային ժողովի հաջորդ հերթական նիստը՝ 2018 թվականի մարտի 20-ը, հրապարակել ՍԴ նախագահի հրաժարականի մասին։ Իսկ այդ դեպքում անհնար կլիներ մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը Հրայր Թովմասյանին նշանակել ՀՀ ՍԴ նախագահ։
Նշենք, որ մինչ այդ`2018 թվականի փետրվարի 12-ին, Բաբլոյանն արդեն ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար առաջարկել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը, իսկ 2018 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովը նրան ընտրել էր ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:
Նշենք, որ Բաբլոյանը 2017-2018 թվականներին եղել է ԱԺ նախագահը։ 2019 թվականից դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից և վերադարձել է բժշկական ոլորտ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Անթույլատրելի է ուժի սպառնալիք ցուցադրելը, քանի որ Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարներ են։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` անդրադառնալով ԱԺ բակում նռնակների առկայությանը և պատուհաններից դիպուկահարների երևալուն։
«Հանրային ճնշումն ավելացնելու ենք, սակայն օրենքի շրջանակում ենք մնալու»,–ասաց Վանեցյանը։
Նշենք` ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել, թե տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։
Խոսելով այդ հայտարարության մասին` Վանեցյանը նշեց` կա՛մ ոստիկանությունը կեղծ ահազանգ է ստացել, կա՛մ էլ գուցե ոստիկանությունն որոշել է ուժ կիրառել, ինչի համար էլ հիմքեր է ստեղծում։
Վանեցյանը վստահեցնում է, որ իրենք սադրանքներ իրականացնելու քաղաքականություն չեն որդեգրել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Եթե խորհրդարանական ընդդիմության ընկերներն ընդունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը, ապա կունենանք ընտրություններ համաձայնեցված ժամկետներում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչպե՞ս է հանգուցալուծվելու ներկա քաղաքական ճգնաժամը։
Նշենք, որ կառավարության հետ մեկուկես ժամանոց հարցուպատասխանի ընթացքում բազմիցս հարցեր էին հնչել՝ ուղղված վարչապետին, սակայն դրանց պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ինչո՞ւ անել արտահերթ ընտրությունները համաձայնեցմամբ։ Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկսի» տրամաբանության մեջ։ Ընտրությունը գործիք է հանրային համերաշխության և ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու։ Որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան նրանք, ովքեր ժամանակ ունեն մասնակցելու հանրահավաքներին, այլև մյուսները»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` կառավարությունը պետք է լինի երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար և օրինական պայմաններում։
Փաշինյանը հայտնեց, որ արդեն իսկ հրավեր է ուղարկել խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին, որոնց հետ ուզում է հանդիպել և արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերել։
Անդրադառնալով կիսանախագահական կառավարման անցնելու իր հայտարարությանը` Փաշինյանը նշեց, թե այդ հարցն առաջ բերելուց որևէ կոնկրետ բովանդակություն նկատի չի ունեցել։ «Ես նկատի եմ ունեցել, որ կա իրավիճակ, և Սահմանադրության գործունակության վերաբերյալ էլ հարցեր կան, ուրեմն եկեք ևս մեկ անգամ անդրադառնանք այդ հարցին»,–ասաց Փաշինյանը։
ԱԺ նիստն ավարտվեց։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ


