ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ, թե ոչ, հայտնի կլինի վաղը, ժամը 12–ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ավարտեց Խաչատրյանի խափանման միջոցի քննության հարցը և իր որոշումը կհայտնի վաղը։ Ի դեպ, մեղադրող կողմն ասում է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Խաչատրյանը կարող է խոչընդոտել նախաքննությունը»,–ասաց նա։
Պաշտպանի խոսքով` իրենք հակափաստարկներ ունեն մեղադրյալ կողմի ասածի վերաբերյալ. Խաչատրյանը ողնաշարի վիրահատությունից հետո Գերմանիայում էր գտնվում բուժման նպատակով, սակայն քննիչի մեկ զանգով նա վերադարձել է Հայաստան։
Նա տեղեկացրեց, որ իրենք Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել, սակայն հաշվի առնելով գործի ընթացքը` շատ հույսեր չեն կապում դատարանի հետ։
Սարգսյանը նշեց, որ այժմ Խաչատրյանը բուժման կարիք ունի, քանի որ նրա բժիշկը հայտնել է, որ եթե մեկ շաբաթով Խաչատրյանը չվերադառնա Գերմանիա, հետո կրկնակի վիրահատության կարիք է լինելու։ Նա հայտնեց նաև, որ երբ պաշտպանական խումբը Խաչատրյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, նրա առողջական վիճակը ստուգելու համար դատարանը կոնսիլիում էր հրավիրվել։ Սակայն, ըստ պաշտպանի, չնայած կոնսիլիումի պատասխանը հուլիսին պատրաստ է եղել, միայն սեպտեմբերին են տվել քննչական մարմնին։
«Այսինքն` եզրակացությունն ուղարկվել է դատարան այն ժամանակ, երբ Խաչատրյանին արդեն կալանավորել էին։ Սակայն եզրակացության մեջ էլ նշված է եղել, որ նա բուժման կարիք ունի։ Խնդիրն այն է, որ Խաչատրյանի արած ցանկացած շարժում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել նրա մոտ»,–ասաց նա։
Սարգսյանը հայտնեց նաև, որ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանավորման ժամկետը 2 ամսով երկարացնելու ԱԱԾ միջնորդությունը դատարանը բավարարեց մասնակի. Կարեն Խաչատրյանը մեկ ամսով էլ կմնա կալանքի տակ։
Գագիկ Խաչատրյանին հիվանդանոցից տեղափոխել են կալանավայր
Խուզարկություններ էին կատարվել նաև Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի տանը։ Նա Խաչատրյանի ղեկավարման տարիներին ևս պաշտոնավարել է ՊԵԿ–ում:
Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը. ՔԿ
Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է:
Ինչու է Արա Վարդանյանը կրկին կալանավորվել. ԱԱԾ–ի հայտարարությունը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայկական ընկերությանը պատկանող առևանգված օդանավն այսօր կարող է վերադառնալ Հայաստան։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով Boeing 737 ինքնաթիռի առևանգման մասին լուրերին։
«Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավն այսօր վերադառնա Հայաստան»,– ասաց Ավինյանը։
Նա նաև մեկնաբանեց, թե կառավարության տեղեկություներով ինչ է իրականում տեղի ունեցել ինքնաթիռի հետ։
«Օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով Fly Armenia airways ընկերությունը պաշտոնապես դիմել է կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալլին քաղաքից Ուկրաինայի «Գոստումեռ» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա` կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվութոյունը,ինչը չի հակասում միջազգային որևէ պահանջի»,– ասաց Ավինյանը։
Նա հավելեց, որ օդանավը, խախտելով թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, մեկնել է այլ ուղղությամբ` Բուլղարիայի «Վառնա» օդանավակայան, ապա ուղղություն է վերցրել դեպի «Շարժա», սակայն դեռևս չպարզված հանգամանքներում վայրէջք է կատարել Իրանի «Մերաբաթ» օդանավկայանում։
Նա նաև շեշտեց, որ այս պատմության ողջ պատասխանատվությունը կրում է միայն ու միայն շահագործող ընկերությունը։ Թե՛ այդ ընկերութունը, և թե՛ իրանական կողմը հավաստիացրել են, որ այդ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ` վառելիքի հետ կապված խնդիրներով։
Հիշեցնենք` փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։ Կառավարությունն այս լուրերին որևէ կերպ չի արձագանքել։
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:
Ճաղարյանը գրել է, որ Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում:
Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Եթե խորհրդարանական ընդդիմության ընկերներն ընդունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը, ապա կունենանք ընտրություններ համաձայնեցված ժամկետներում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչպե՞ս է հանգուցալուծվելու ներկա քաղաքական ճգնաժամը։
Նշենք, որ կառավարության հետ մեկուկես ժամանոց հարցուպատասխանի ընթացքում բազմիցս հարցեր էին հնչել՝ ուղղված վարչապետին, սակայն դրանց պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ինչո՞ւ անել արտահերթ ընտրությունները համաձայնեցմամբ։ Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկսի» տրամաբանության մեջ։ Ընտրությունը գործիք է հանրային համերաշխության և ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու։ Որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան նրանք, ովքեր ժամանակ ունեն մասնակցելու հանրահավաքներին, այլև մյուսները»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` կառավարությունը պետք է լինի երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար և օրինական պայմաններում։
Փաշինյանը հայտնեց, որ արդեն իսկ հրավեր է ուղարկել խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին, որոնց հետ ուզում է հանդիպել և արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերել։
Անդրադառնալով կիսանախագահական կառավարման անցնելու իր հայտարարությանը` Փաշինյանը նշեց, թե այդ հարցն առաջ բերելուց որևէ կոնկրետ բովանդակություն նկատի չի ունեցել։ «Ես նկատի եմ ունեցել, որ կա իրավիճակ, և Սահմանադրության գործունակության վերաբերյալ էլ հարցեր կան, ուրեմն եկեք ևս մեկ անգամ անդրադառնանք այդ հարցին»,–ասաց Փաշինյանը։
ԱԺ նիստն ավարտվեց։


