Կոնյակ

Քանի դեռ կոնյակի անվան տակ մգեցված սպիրտ է վաճառվում, խաղողի արտադրությունը չի զարգանա

135
(Թարմացված է 17:57 14.10.2019)
Հայկական կոնյակի կամ բրենդիի արտադրության բոլոր տեխնոլոգիաներին կառավարությունը տեղյակ է։ Արտադրողներն օրենք չեն խախտում, կառավարությունն էլ չի շտապում խստացնել օրենքը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Կոնյակի կամ բրենդիի անվան տակ մգեցված սպիրտ վաճառողներն օրենք չեն խախտում։ Այսօր կայացած ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Իրականում դա այնպիսի սպիրտ է, որը Հայաստան է ներկրվում առանց օրենքի խախտման։ Այն խաղողի սպիրտի հետ կարող է օգտագործվել կոնյակի արտադրության համար։ Եվ ստանդարտներն են թույլ տալիս, որ որոշ չափով լինեն այդպիսի դեպքեր` օրենքով սահմանված թույլատրելի չափը չգերազանցող»,–ասաց Խաչատրյանը։

Նախարարի համոզմամբ, սակայն, քանի դեռ այդ երևույթը կա, տեղական խաղողի արտադրությունը չի կարող ընդլայնվել, որովհետև պահանջարկը բարարվում է ներմուծվող սպիրտի հաշվին։

«Այո, մենք կարող ենք սահմանափակումներ կիրառել, որ հասնենք այդ ներմուծման երևույթն իսպառ վերացնելուն։ Կարծում եմ` նաև կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի հայկական կոնյակը հայկական խաղողից արտադրելուն»,– ասաց նախարարը։

Այդուհանդերձ, հարցը, նախարարի խոսքով, մեկ օրում լուծվել չի կարող` հաշվի առնելով արտադրողների ու ոլորտի աշխատողների շահերը։

Փաշինյանը վիետնամցի գործարարներին առաջարկել է հայկական գինի ու կոնյակ արտահանել Վիետնամ

Ինչ վերաբերում է խաղողի արտադրությանն ու գյուղացիների դժգոհություններին, Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ  մթերող կազմակերպությունների տվյալներով` այս տարի, մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ, շուրջ 160 000 տոննա խաղող է մթերվել։ Իսկ առկա դժգոհությունը վերաբերում է 80-100 տոննա խաղողին։

«Ընդ որում, այդ 160 հազար տոննայի դեպքում կողմերը համաձայնել են տվյալ տարվա պայմանների հետ: Մյուս կողմում կան դժգոհներ, որոնք կարծում են, որ իրենց խաղողը կարող էր վաճառվել ավելի բարձր գնով»,– ասաց նախարարը` հավելելով, որ ինչ-որ պահի կողմերը փոխզիջման են եկել, բայց հետո նորից դժգոհություն է առաջացել։

Տիգրան խաչատրյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում կառավարությունը կողմերին որեւէ բան պարտադրել չի կարող, կարող է միայն օժանդակել փոխհամաձայնության գալուն:

135
թեգերը:
Հայաստան, ՀՀ կառավարություն, Տիգրան Խաչատրյան, Խաղող, կոնյակ
Ըստ թեմայի
Երբ է Չերչիլն առաջին անգամ հայկական կոնյակ խմել. պարզաբանում է ռուս պաշտոնյան
Ծխախոտ, կոնյակ ու գինի` որքան սիրտներդ ուզի. ԵԱՏՄ–ն հանում է սահմանափակումները
«Արև, օդ, խաղող». ի՞նչ կառաջարկի Հայաստանը ռուսաստանցիներին լավ ինքնազգացողության համար