Հայ ինժեներների ու բժիշկների ստեղծած «կախարդական» սարքը

Հիվանդները ոտքի կկանգնեն. հայ ինժեներներն ու բժիշկները «կախարդական» սարք են ստեղծել

2427
(Թարմացված է 17:17 13.10.2019)
Էկզոկմախքը թույլ է տալիս հաշմանդամներին լիարժեք շարժումներ անել։ Հայաստանում ստեղծել են այդ սարքի սեփական մոդելը։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի –Sputnik. Հայաստանի ազգային  պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագետներն ու ուսանողները հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նոր օգնական են ստեղծել։ Նման էկզոկմախքներ աշխարհում վաղուց գոյություն ունեն, սակայն տեղական մոդելն ավելի հասանելի կլինի։

«Սա նախատիպ է. հավաքել ենք, ինչպես կարող էինք։ Սակայն այդքան էլ վատ չի աշխատում»,–ասում է Qayl Med նախագծի ղեկավար, ԵՊԲՀ ուսանող Դավիթ Արսենյանը։ Նախագծի վրա նա աշխատել է այլ բուհի և իր համալսարանական գործընկերների հետ միասին: Նրանց օգնել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) մասնագետները։

Մարդուն հագցրած էկզոկմախքն ընկալում է ոտքերի և ձեռքերի շարժումներից ստացվող նույնիսկ ամենաթույլ ազդակները, և դրանք իրական շարժումների է վերածում։ Չէ՞ որ նույնիսկ ուժեղ հաշմանդամություն ունեցող մարդու մոտ չի դադարում գործել նյարդային համակարգը։ Երբ նա ուզում է շարժել ոտքը կամ ձեռքը, ուղեղից դեպի վերջույթներ ազդակներ են գնում: Եվ չնայած այդ ազդակներն ավելի թույլ են, քան  առողջ մարդկանց մոտ, սարքը դրանք կարող է ընկալել, իսկ հետո` որոշել, թե որ ուղղությամբ և ինչ ուժով պետք է շարժվեն մեխանիկական հոդերը։

 «Բոլոր այդ ազդակները վայրկենապես վերլուծվում են, որպեսզի շարժումը շատ ուժեղ չլինի, ցավ չպատճառի և մարդուն գետին չտապալի, առավել ևս, որ խոսքը հիվանդ մարդու մասին է»,–ընդգծում է ANEL–ի աշխատակցուհի Ազատուհի Ուլիկյանը։

Ինժեներներն ու բժիշկները` էլեկտրաշարժիչից, պտույտափոխանցիչից և շարժակներից կազմված համակարգը համատեղ են ստեղծել։  Դրան ավելացրել են էլեկտրոնային միկրոսխեմա, որը մարդուց ստացվող նյարդային ազդակներն ազդանշանների է  վերածում մեխանիզմի համար։ Իսկ շարժումների ուժն ու ուղղությունը հաղորդում է համակարգչային ծրագիրը, որը ևս հեղինակները սեփական ուժերով են կազմել։

 «Մեր ներկայիս մոդելը 12 կգ է, սակայն կարող է մինչև 80 կգ ուժ գեներացնել։ Միևնույն ժամանակ, հիվանդից  որևէ ջանք չի պահանջվում։ Բացի այդ, ինչ ջանքերի մասին է խոսքը, եթե հիվանդը նույնիսկ ոտքի վրա կանգնել չի կարող»,–ավելացրեց Արսենյանը։

Նոր մոդելի համար նրան օգնել է ոչ միայն ներկայիս, այլև նախկին մասնագիտությունը։ Բժիշկ դառնալու ցանկություն Դավթի մոտ առաջացել է, երբ արդեն 30-ին մոտ էր, իսկ մինչ այդ նա սովորել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում որպես կինեզիոլոգ։ Այդ է պատճառը, որ մարդու շարժումների մոտորիկան անգիր գիտի։

Դեռ այն ժամանակ նա իր ուսանողական ընկերներից մեկի հետ որոշեց Հայաստանի դպրոցականների համար կեցվածքն ուղղելու ծրագիր իրականացնել։ Երբ Առողջապահության  և կրթության նախարարությունները հավանություն տվեցին նախագծին, ուսանող ընկերներն անվճար հետազոտեցին ավելի քան 2 հազար դպրոցականի, այնուհետև ողնաշարի կորացման դեմ վարժությունների համալիր ծրագիր կազմեցին։ Դպրոցում նրանք ուզում էին նախադասային վարժանքներ անցկացնել (ինչպես խորհրդային տարիներին էր արվում)։

 «Սակայն հետո վրա հասավ 2016 թվականի ապրիլը, և մենք գնացինք աշխատելու զինվորական հոսպիտալ։ Այնուհետև ես գնացի սովորելու բժիշկի մասնագիտությունը։ Նպատակ դրեցի իմ առաջ, իսկ դրա համար շատ գիտելիքներ են պետք։ Այսօր և՛ աշխատում եմ, և՛ սովորում։ Ուզում եմ ուսումս շարունակել օրդինատուրայում»,–ավելացրեց Դավիթը։

Աջակցության համար նա շնորհակալություն է հայտնում իր թիմին՝ համալսարանական գործընկերներին, Պոլիտեխնիկի ինժեներներին և նույնիսկ քիչ ծանոթ ավտոմեխանիկին։ Նրա մոտ Դավթին ուղարկել էին ընկերները, երբ սարքի համար նրան պետք եկավ մեքենայի նստատեղի հաղորդաշարժիչ։

 «Գնում եմ նրա մոտ` արհեստանոց, և ասում. «Ուզում ենք այսպիսի սարք ստեղծել, որպեսզի հաշմանդամները, այդ թվում՝ զինվորները, քայլեն»։ Հենց որ դա լսեց, նա մեքենայից մի ամբողջ նստարան հանեց և ասաց. «Վերցրու և արա ինչ ուզում ես։ Եթե էլի պետք լինի՝ կգաս, էլի կտամ»։ Այնպես որ, երբ հարցնում եք, թե ինչ թիմի հետ եմ աշխատում, դժվարանում եմ հստակ պատասխանել։ Հավանաբար յուրաքանչյուրն, ով  իր երկրի համար որևէ բան է անում, նույնպես մեր խմբից է»,–ասում է Դավիթը։

«Մեր քաղաքը կդառնա այնպիսին, ինչպիսին կար». Չարենցավանում նոր «խելացի» համակարգ են ստեղծել

Զինվորականների բուժման հարցում մշտական աջակցության համար նա շնորհակալություն է հայտնում նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին։

Qayl Med մոդելը ներկայացված է եղել Երևանում անցկացված DigiTec 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսին։

2427
թեգերը:
Վերականգնողական կենտրոն, Զինվոր, DigiTec 2019 տեխնոլոգիական ցուցահանդես, Qayl Med մոդել, հաշմանդամ, հայ
Ըստ թեմայի
Ականորսիչ ու կախարդական հայելի. DigiTec Expo–ն կօգնի հատուկջոկատայինին և գեղեցկուհուն
«Հայկական վիրտուալ կամուրջը» հայթեքի միջազգային կենտրոն կդարձնի Հայաստանը. Արշակյան
Հայաստանի հայթեք միության ղեկավարն արժանացել է «Ականավոր մարդկանց մրցանակի»
Հայաստանի օնլայն խանութներում կարելի է գնել սահմանամերձ գյուղերի հուշանվերները