Վանեցյանն ու Փաշինյանը

Փաշինյանը մտադիր է գլխիվայր շուռ տալ ոստիկանական համակարգը և պատժել Վանեցյանին. ԶԼՄ

337
(Թարմացված է 10:00 09.10.2019)
ԶԼՄ–ներն անդրադարձել են «Իմ քայլը» խմբակցության փակ նիստին և պարզել, թե ինչ հարցեր են քննարկել իմքայլականները։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Իշխանությունը ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի թեկնածուների փնտրտուքի մեջ է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Չնայած հոկտեմբերի 22-ին սկսվող ԱԺ նիստին օրենքը կփոխվի, և Նիկոլ Փաշինյանը կարող է դրսից նշանակումներ անել, սակայն հարմար թեկնածու դեռևս չեն կարողանում գտնել։ Խմբակցության փակ նիստի ընթացքում հպանցիկ ակնարկ է եղել, որ, ըստ ամենայնի, ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը կնշանակվի, իսկ ԱԱԾ ԺՊ-ի մասին ասել է․ «Կփորձենք․ եթե իրեն արդարացրեց, կմնա, չարդարացրեց, նոր կմտածենք փոխարինելու մասին»»,– գրում է թերթը։

Ըստ պարբերականի` տեղեկություն կա, որ ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանին հանձնարարվել է նախկին տնօրենի դեմ նյութեր հավաքել:

«Ժողովուրդ» թերթն էլ գրում է, որ վարչապետին հարց տալու հերթագրվողները շատ են եղել, դրա համար 2 ժամ նախատեսված նիստը 3 ժամից ավել է տեւել:

«Փաշինյանն ասել է, որ առաջիկայում Ամուլսարի մասով գործընթացներ են լինելու, եւ պատգամավորները պետք է խորը ուսումնասիրեն խնդիրը, համախմբվեն ու միասնական տեսակետ հայտնեն: Խոսվել է, որ ՀՀ ոստիկանական համակարգը պետք է գլխիվայր շուռ տալ, քաղաքային ոստիկանություն հիմնել, բաշխել պատասխանատվությունը, որպեսզի ոստիկանապետի ձեռքում կենտրոնացած չմնա ողջ համակարգը»,– նշված է հոդվածում:

Ըստ պարբերականի` այս մասով ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը Արդարադատության նախարարության հետ համատեղ կաշխատի: Իսկ Հրայր Թովմասյանի մասով կարծիքներ են հնչել, որ նա շուտով հրաժարական կտա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը։

Ավելի ուշ Արթուր Վանեցյանը հայտարարություն տարածեց իր հրաժարականի պատճառների մասին` հայտնելով, որ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում է Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

Վալերիյ Օսիպյանն էլ ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր սեպտեմբերի 18–ին և նույն օրը նշանակվել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։

Երեկ` հոկտեմբերի 8-ին, հայտնի դարձավ, որ Փաշինյանը նրան ազատել է նաև այդ պաշտոնից։

337
թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Ոստիկանություն, Արթուր Վանեցյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Բադալյան. «Վանեցյանը չլռեց` ցույց տալով, որ վերջին խոսքն իրենն է»
«Այո, ժամանակին ես եմ խորհուրդ տվել, որ Վանեցյանն ԱԱԾ տնօրեն նշանակվի». ԱԻՆ ղեկավար
«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել». Սասուն Միքայելյան