Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը շնորհավորել է ուսուցիչներին. «Ձեզանից է կախված` ինչպիսին կլինի վաղվա Հայաստանը»

46
(Թարմացված է 14:19 05.10.2019)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ և իր ուղերձում խոսել նաև ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Նոր Հայաստանում կարևորը գիտելիքի, հմտությունների, ընդունակությունների զարգացումն է: Այս մասին նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ուսուցչի օրվա նվիրված շնորհավորական ուղերձում։

«Անգնահատելի է ձեր դերը սերունդներին գիտելիքներ փոխանցելու, դաստիարակելու գործում։ Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իրենց առջև պետք է ոչ թե ուղղակի խնդիր դնեն երեխային ինչ-որ տվյալներ փոխանցելու, այլ պետք է գալիք սերնդին պատրաստեն թռիչքի` շատ ավելի բարձր նպատակների և արդյունքների հասնելու, Հայաստանի վաղվա բարեկեցիկ ապագան կերտելու համար: Դա նշանակում է, որ նաև ձեզանից ու ձեր պատասխանատու աշխատանքից է կախված, թե ինչպիսին կլինի վաղվա Հայաստանը»,– նշել է վարչապետը:

Շնորհավորելով Հայաստանի բոլոր ուսուցիչներին` վարչապետը նրանց մաղթել է քաջառողջություն, երջանկություն և աշխատանքային բազում հաջողություններ:

Փաշինյանը հիշեցրել է նաև, որ 2019թ–ի սեպտեմբերի 1-ից հանրապետության 38 000 ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով, և խոստացել, որ այդ գործընթացը լինելու է շարունակական, քանի որ կառավարությունն ուշադրության կենտրոնում պետք է պահի կրթության ոլորտը, մասնավորապես` կրթության որակի շարունակական բարձրացման հարցը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը որոշեց 1,7 մլրդ դրամ հատկացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների աշխատավարձերի դրույքաչափերը 10%-ով բարձրացնելու նպատակով։ Աշխատավարձերը բարձրացել են այս տարվա սեպտեմբերից։

46
թեգերը:
աշխատավարձ, Ուսուցիչ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Նախագահի հրամանագրով պարգևատրվել է տարիների փորձ ունեցող վաստակաշատ ուսուցչուհին
Հայաստանում 10 000 ուսուցիչ կրճատվել չի կարող. Խաչատրյանը` ուսուցիչների դեֆիցիտի մասին
Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. կառավարությունը գումարը հատկացրեց
«Տընգլ-մընգլ», «Բոբիկ ջուր մի էրա». գյումրեցի ուսուցիչները երգչախումբ են հիմնել. տեսանյութ