Զինվորական ճաշարան. արխիվային լուսանկար

7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով. ինչպիսին է արդյունքը

161
ՀՀ վարչապետը նշում է, որ ամեն ինչ պետք է արվի, որ զինվորն ստանա այն, ինչ պետությունն իր համար նախատեսում է։

 ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Զինված ուժերում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման արդյունքում էական և շոշափելի փոփոխություններ են եղել, ինչին դրական են արձագանքել ինչպես զինծառայողները, այնպես էլ հանրությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման գործընթացին նվիրված խորհրդակցության ժամանակ։

Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝  ՊՆ Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ԶՈՒ սննդամատակարարման գործընթացն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները:

Զինվորի սնունդը կդառնա ավելի որակյալ, խոհանոցը` մաքուր ու ժամանակակից. ՊՆ

Փաշինյանը նշել է, որ կարևոր է կողմնորոշվել, թե գնային քաղաքականության առումով ինչ երկարաժամկետ պատկերացում և հաշվարկներ կան, և այսօրվա հաշվարկները ինչքանով են համապատասխանում նախնական պայմանավորվածություններին, որոնց մասին խոսել են այս համակարգը ներդնելուց առաջ:

«Այս պահի դրությամբ մենք փաստորեն աշխատում ենք 6 ընկերությունների հետ,  որոնք մատակարարում են շուրջ 7000 մարդու: Այնպես որ, եկեք սկսենք այս հարցի քննարկումը, որպեսզի նաև միջանկյալ հետևություններ անենք և երկարաժամկետ որոշումներ կայացնենք»,–ասել է ՀՀ վարչապետը։

 Խորհրդակցության ընթացքում արծարծվել են ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Նշվել է, որ այս պահի դրությամբ այս համակարգով արդեն սնվում է շուրջ 7000 ժամկետային զինծառայող՝ 20 զորամասերում, և միջանկյալ արդյունքները խոսում են պրոցեսի դրական ընթացքի մասին: Քննարկվել են ԶՈՒ-ում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման առնչությամբ հետագա քայլերին ու անելիքներին առնչվող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ սննդամատակարարումը պետք է դիտարկել որպես Զինված ուժերի մարտունակության անբաժանելի մաս, և գործընթացը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով:

«Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի զինվորը, նրա կարիքները, և ամեն ինչ պետք է արվի այնպես, որպեսզի զինվորն ստանա այն, ինչ պետությունն իր համար նախատեսում է»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել և գործընթացի արդյունավետ կազմակերպման համատեքստում կարևորել պետություն-մասնավոր հատված մշտական գործուն կապը, մշտական համատեղ աշխատանքը:

161
թեգերը:
Դավիթ Տոնոյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Նիկոլ Փաշինյան, առողջ սնունդ, Զինվոր
Ըստ թեմայի
Ինչ արժե զինվորի կերած կարտոֆիլը, և ինչու ՊՆ–ն գյուղացուց կարտոֆիլ չի գնում
Ինչո՞վ է հայկական բանակը գերազանցում թուրքականին և ադրբեջանականին. բացատրում է փորձագետը
Նիկոլ Փաշինյանը ճաշեց զինվորների հետ ու գոհ մնաց. տեսանյութ