ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին մասնակցելու են շուրջ 20 երկրի նախարարական պատվիրակություններ` ավելի քան 2000 մասնակիցներով։
Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Պատվիրակություններից մի քանիսը գլխավորելու են փոխվարչապետերը, մեկը` առաջին տիկինը։
«Պատվիրակություններն այցելելու են տեխնոլոգիական կենտրոններ ու Դիջիթեք, որպեսզի կարողանան ներկայացնել Հայաստանի ամբողջ տեխնոլոգիական պոտենցիալը, ինչպես նաև մեր ընկերությունների համար վաճառքի հնարավորություն ստեղծել դեպի դուրս»,– ասաց Արշակյանը։
Նախարարը հատուկ ընդգծեց, որ առանձին պատվիրակությամբ կոնգրեսին մասնակցելու է նաև Աբու Դաբիի ներդրումային ֆոնդը` «Մուբադալա» ընկերությունը, ինչպես նաև ծրագրավորման ոլորտի խոշոր «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրֆին` ՀՀ վարչապետի հատուկ հրավերով։
Հյուրերի ցանկում են լինելու նաև Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը։
Կոնգրեսի շրջանակներում կազմակերպվելու են նաև միջազգային ցուցահանդեսներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց միջոցառման անցկացումը` «Հայաստանը` որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ի ցույց դնելու համար»։
Հնարավոր է` Բարաք Օբաման Հայաստան գա. Երևանը պատրաստվում է «WCIT 2019» ՏՏ համաժողովին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ավելացրեց, որ միջոցառման մեկնարկը կտրվի հոկտեմբերի 6-ին, ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում նախանշված համերգով։
«Արհեստական բանականության կողմից մշակված շարականների կատարումներ են լինելու։ Այսպես ասած` արհեստական բանականության կողմից գրված երաժշտույուն ենք լսելու»,– ասաց Ավինյանը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների Համաշխարհային կոնգրեսը (WCIT) 2019 թվականին կանցկացվի Հայաստանում: ՏՏ ոլորտի աշխարհի ամենահեղինակավոր համաժողովի կազմակերպման հերթափոխը Հայաստանին է փոխանցել Բրազիլիան, որտեղ անցկացվել էր 2018թ.–ի համաժողովը։ Իսկ մեր երկրն այդ իրավունքը 2020թ.–ին կփոխանցի Հնդկաստանին: