Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

«Ուր գնում ենք, սելֆի ենք անում, ուղիղ եթեր ենք մտնում». Փաշինյանը` գաղտնիքների մասին

60
(Թարմացված է 18:28 02.10.2019)
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` իրենք գիտեն բոլոր խնդիրների մասին, սակայն դրանք միանգամից լուծել հնարավոր չէ։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ գործող իշխանությունը բավական թափանցիկ է աշխատում և ուր գնում են, սելֆի են անում, հրապարակում։ Այս մասին ասաց Փաշինյանն ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։

Ուրիխանյանը նշեց, որ քաղաքացիներից մեկն իրեն հարց էր ուղղել, թե ինչու է գործող իշխանությունը նախորդների քաղաքականությունը շարունակում և պահպանում կարմիր գծերի, արագաչափերի, կադրերի, կառավարական առանձնատների, Ամուլսարի, տնտեսական աճի տեմպերը, գաղտնի ծախսերի խնդիրները։

«Եթե նախկին իշխանությունների օրոք գրանցվել է 5-7 տոկոս տնտեսական աճ, տրամաբանությունն այն է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսական անկում ունենա՞նք։ Ինչ վերաբերում է գաղտնի ծախսերին, ապա չկա նման բան։ Ուր գնում ենք, սելֆի ենք անում, ուղիղ եթեր ենք մտնում. բոլոր ծախսերը հիմնավորված են»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով` իրենք գիտեն բոլոր խնդիրների մասին, սակայն դրանք միանգամից լուծել հնարավոր չէ։ Նա նշեց, որ եթե Ուրիխանյանը դժվարանում է պատասխանել քաղաքացիների հարցերին, թող դիմի իրենց, քանի որ իրենք պարբերաբար անդրադառնում են բոլոր խնդիրներին։

Անդրադառնալով կառավարական առանձնատներին` Փաշինյանն ասաց, որ կառավարության առանձնատներից մեկում էլ երեկ ԵԱՏՄ–ի նեղ կազմի համար ընդունելություն է անցկացվել։

«Հիմա ձեր տրամաբանությունն այն է, որ պետական շենքերը չվերանորոգենք, որ 5 տարի հետո էլ ասեք, թե շենքերն ավերա՞կ են դարձել։ Հիմա կառավարության շենքի ներքին բակն էլ է վերանորոգվում, քանի որ երբ հյուր է գալիս, ես ամաչում եմ, որ պատերը քանդված, թափվում են ներքև»,–ասաց նա։

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 1-ին, Երևանում կայացավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։

Նիստին մասնակցեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ընդլայնված կազմով նիստին մասնակցեցին նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

60
թեգերը:
սելֆի, ԱԺ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
ԵԱՏՄ–ում կձևավորվի գազի միասնական շուկա. Փաշինյանը խոսել է գնի կայունացման մասին
Ծիծաղելի դիպված. Տիգրան Սարգսյանը «զավթել» է Փաշինյանի աթոռը. տեսանյութ
Գիշերը` թռիչքից առաջ Պուտինն ու Փաշինյանը կրկին հանդիպել են. ՀՀ վարչապետը գրառում է արել