Հայ–ռուսական համատեղ զորավարժություններ. արխիվային լուսանկար

Հոլիվուդը հանգստանում է. «Բաղրամյան» զորավարժարանում հակաահաբեկչական զորավարժություններ են

62
(Թարմացված է 18:03 26.09.2019)
«Արարատ–Անտիտեռոր 2019» վարժանքների շրջանակում անցկացված օպերացիայի պայմանական առաջադրանքի համաձայն`  զինվորականներն ու ուժային կառույցների ներկայացուցիչները պետք է ոչնչացնեին սահմանը հատելու փորձ անող զինյալների խմբին։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈՒ «Բաղրամյան» զորավարժարանում այսօր ուժային գործողություններ են տեղի ունեցել ԱՊՀ երկրների զինվորականների հակաահաբեկչական համատեղ զորավարժությունների շրջանակում։ Վարժանքներն անցկացվում են «Արարատ–Անտիտեռոր 2019» խորագրի ներքո։

Ինչպես տեղից փոխանցում է Sputnik Արմենիայի թղթակիցը` պայմանական ահաբեկիչներին արգելափակելու և ոչնչացնելու հատուկ գործողություններին մասնակցելու  համար ներգրավվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ոստիկանություն և ԶՈՒ  ուժեր և միջոցներ։  Իսկ «ահաբեկչության» հետևանքները վերացնելու համար գործի են դրվել Հանրապետության ԱԻՆ ուժերը։

Վարժանքների սցենարի համաձայն` «Գազպրոմ Արմենիայի» շենքում հակաահաբեկչական գործողություններ անցկացնելուց հետո հանրապետական օպերատիվ շտաբը տեղեկություն է ստանում, որ ահաբեկիչների առանձին խմբեր փորձում են ճեղքել ՀՀ սահմանը։ Միաժամանակ, մարտունակությունը պահպանած և սահման չհասած զինյալների խումբը գրավում է բնակավայրը` նպատակ ունենալով պատանդներով քողարկվելով` գնալ հարևան պետության կողմ։

Պայմանական զինյալներին չեզոքացնելու` ուժային կառույցների գործողությունների մշակումը մի քանի դրվագներով է անցկացվել. ապօրինի միավորումների որոնում և ոչնչացում, բնակավայրի ազատմանը և  առանձին շենքում զինյալների խմբի ոչնչացմանն ուղղված բանակի և ոստիկանության մարտական համատեղ գործողություններ, ինչպես նաև պատանդների ազատում։ Եվ վերջապես ավարտական փուլը` հայ սահմանապահների կողմից փոքր խմբերի ոչնչացում։

Գործողություններում ընդհանուր առմամբ ներգրավվել էր բանակի, ԱԱԾ–ի, ԱԻՆ–ի և ոստիկանության շուրջ 2 հազար զինծառայող։

«Գազպրոմ Արմենիայի» շենքի «գրոհը». «ահաբեկիչներին» որևէ շանս չմնաց. տեսանյութ

Հիշեցնենք` Երևանում անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարների հավաքը։

Ամեն տարի այս հարթակում փորձի փոխանակում է իրականացվում, քննարկվում են ահաբեկչությանը հակազդելու ոլորտում միջպետական և միջգերատեսչական համագործակցության արդիական հարցեր։ 2001 թվականից սկսած, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի հովանու ներքո նման 15 վարժանք է կազմակերպվել։

62
թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Ահաբեկչություն, Զորավարժություններ, զորավարժարան
Ըստ թեմայի
ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերը կմասնակցեն ԱՊՀ համատեղ զորավարժությանը
Նման ծավալի զորավարժություններ դեռ չենք ունեցել. ՊՆ խոսնակը մանրամասնում է՝ ինչ է սպասվում
«Հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը». զորավարժությունները մեկնարկել են