Նիկոլ Փաշինյան

«Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կոպեկ առ կոպեկ հետ են վերադարձնելու թալանածը». Փաշինյան

286
(Թարմացված է 11:59 23.09.2019)
Փաշինյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն հասկանում, որ իրենք Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել, և բոլորը պետք է իրենց թալանածը վերադարձնեն։ Այս մասին Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, Սարգսյանի եղբայրը` Լևոն Սարգսյանը, մինչև վերջին կոպեկը պետք է հետ վերադարձնեն պետության փողերը։ Քրեական գործեր են հարուցված ու շուտով կհասնանաք` ով ինչ է արել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ տաղանդների շնորհիվ է միլիոններ կուտակել։ Իրենց միլիոնները քրտինքո՞վ են վաստակել»,–ասաց նա։

Նրա խոսքով` շատ մեծ վտանգ կա, որ նրանց կառուցած դղյակներն ու հավաքած միլիոնները արագ կկորսվեն։ Համենայն դեպս, ըստ վարչապետի, հույս կա, որ այդպես էլ կլինի։

Փաշինյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն հասկանում, որ իրենք Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն։ Ու ոչ թե այն բանի համար, որ դա Փաշինյանն ինքը չի ուզում, այլ հայ ժողովուրդը թույլ չի տա։

«Նրանք ՀՀ–ում քաղաքական հեռանկար չունեն։ Ով հակառակն է մտածում` հայ ժողովրդին ուղղակի չի ճանաչում։ Ասել եմ ու նորից ասում եմ` մինչև վերջին կոպեկը վերադարձնելու են պետությունից վերցրած փողերը։ Այդտեղ կոմպրոմիս չի լինելու։ Թող 1998–ից առաջ կուտակեին փողեր, առյուծ քշեին։ Վունդերկինդնե՞ր են։ Ինչո՞ւ հիմա չեն աշխատում այդ միլիոնները։ Մե՞նք ենք խանգարում։ Մենք ենք խանգարում, թող արտերկրում աշխատեն»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16–ին Փաշինյանի` Հայաստանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն առաջիկայում կներգրավվի քրեական գործում։

Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերով մեղադրանք էր առաջադրվել Լևոն Սարգսյանին` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը: Նա մեղադրվում էր քրեական օրենսգրքի երկու հոդվածների խախտման համար` 190-րդ (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը) և 311-ի 2–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը)։ Նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել։

Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի դեմ 2018թ.–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

286
թեգերը:
թալան, Միքայել Մինասյան, չարաշահում, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (852)
Ըստ թեմայի
«Բարի գալուստ բանական աշխարհ». Միքայել Մինասյանը պատասխանել է Արթուր Վանեցյանին
Սերժ Սարգսյանին կձերբակալե՞ն. Միքայել Մինասյանը փակագծեր է բացում
Սերժ Սարգսյանի եղբայրը նոր մեղադրանքը չի ընդունում. մանրամասներ