Զինծառայողները

Պատվի հարց է. Հայաստանում կընդլայնեն փոխհատուցում ստացող զինծառայողների ցանկը

55
(Թարմացված է 15:27 13.09.2019)
Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունն աստիճանաբար ավելացնում է այն անձանց թիվը, որոնք օգնություն են ստանում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ներկա պահին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որը գործում է 2017թ–ի հունվարից, փոխհատուցում է վճարում զինծառայողների ընտանիքներին, որոնք զոհվել են կամ հաշմանդամություն ձեռք բերել հակառակորդի հետ շփման գծում գործողությունների հետևանքով։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկում է այդ ծրագրում ներառել հակառակորդի հրետանային կամ ականանետային գնդակոծության հետևանքով զորամասի տարածքում զոհված կամ տուժած զինծառայողներին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մենք ձգտում ենք հասնել նրան, որ չունենանք մարտական գործողությունների ընթացքում վիրավորված կամ զոհված զինծառայողներ, որոնք փոխհատուցում չեն ստացել։ Մենք աստիճանաբար գնում ենք դրան», – ասաց նա։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսել է փոխհատուցել նաև 2008-2016 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ դարձած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Ի սկզբանե, երբ ստեղծվել է հիմնադրամը, նախատեսվել է ծրագրում ներառել միայն 2017թ–ի հունվարից մահացածների ընտանիքներին և վիրավորներին։

Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի խոսքով` իրենք ցանկանում են ժամանակային շրջանակն աստիճանաբար հասցնել մինչև 1992 թվական, ինչը չափազանց բարդ խնդիր է ինչպես ֆինանսական միջոցների առումով, այնպես էլ զուտ տեխնիկապես։ Պետք է հավաքել վերջին 27 տարիների զինծառայողների ամբողջ թղթաբանությունը, արխիվային նյութերը և հստակ պատկեր ստանալ։ Սակայն, ինչպես Ավետիքյանը, այնպես էլ Հովհաննիսյանը վստահ են, որ առաջիկա տարիներին այդ խնդիրը կլուծվի։

«Մեր զինվորներն ու սպաները պետք է իմանան, որ պետությունը չի լքում նրանց։ Դա մեզ համար սկզբունքային հարց է, այն կապված է բանակի, պետության հանդեպ վստահության հետ։ Դա պատվի հարց է», – ասաց Հովհաննիսյանը։

Ավետիքյանը ներկայացրեց վիճակագրությունը, որի համաձայն 2017թ–ի հունվարից փոխհատուցում են ստացել մոտ 370 զինծառայողներ և նրանց ընտանիքներ, վճարվել է մոտ 1,3 միլիարդ դրամ։

Որոշ զինծառայողների հաշիվների վրա դրվող կալանքը 1/3-ից շատ չի լինի

Հիմնադրամն այս տարիներին ավելի քան 18 միլիարդ դրամ է հավաքել։ Փոխհատուցում են ստանում զոհված զինվորների և սպաների ընտանիքները, ինչպես նաև 1–ին և 2–րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները։

Զոհված զինծառայողների ընտանիքներին և 1–ին կարգի հաշմանդամներին տրվող փոխհատուցումը տատանվում է 52-82 միլիոն դրամի սահմանում։ 52 միլիոն ստանում են շարքայինները, 72 միլիոն` ենթասպաները, 82 միլիոն` սպաները։ Ընդ որում, 10 միլիոնը տալիս են միանվագ, իսկ մնացածը` 20 տարվա ընթացքում (ամսական 200-300 հազար դրամ)։

2–րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց վճարվում է 26-52 միլիոն դրամ փոխհատուցում` նույնպես կախված զինվորական կոչումից։ Դրանցից 5 միլիոնը տալիս են միանվագ, մնացածը` 20 տարվա ընթացքում (ամսական 100-200 հազար դրամ)։

Հիշեցնենք, որ հիմնադրամի գումարները ձևավորվում են Հայաստանի քաղաքացիների ամսական վճարումների հաշվին։ Գրանցված աշխատողներից յուրաքանչյուրն ամեն ամիս վճարում է 1000 դրամ։

Եվս մեկ զորամասում ավելի համեղ ճաշեր կուտեն. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

55
թեգերը:
փոխհատուցում, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան
Ըստ թեմայի
Զինծառայողներին տրվող ամսական գումարի չափն ավելացավ
Անտոկոս վարկ զինծառայողներին. բնակարանների գնման կանխավճարը ևս կփոխհատուցվի
Արտակ Դավթյանն այցելել է առաջնագիծ. նա զրուցել է հրամանատարների և զինծառայողների հետ