Զոհրաբ Մնացականյանն ու Արթուր Վանեցյանը

Հայաստանի արտգործնախարարությունը վերահսկելու է կառավարության անդամներին

77
(Թարմացված է 16:23 12.09.2019)
Հայաստանի իշխանությունն ուզում է հասնել նրան, որ պաշտոնյաների գործողությունները համաձայնեցվեն արտաքին քաղաքականության հարցերում։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը կվերահսկի կառավարության անդամների արտաքին քաղաքականության ակտիվությունը։ «Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը և գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների և բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» համապատասխան որոշման նախագիծն այսօր հավանության արժանացավ կառավարության նիստում։

«Նախագծի հիմնական նպատակն է սահմանել արտաքին քաղաքական բնագավառում պետական մարմինների ամենօրյա փոխգործակցության և տեղեկատվության փոխանակման ընթացակարգերը», – ասաց Զոհրաբ Մնացականյանը` ներկայացնելով օրինագիծը։

Նրա խոսքով` գործադիր իշխանությունն արտաքին քաղաքական ոլորտում և միջազգային գործընկերների հետ հարաբերություններում պետք է հանդես գա միասնական դիրքորոշմամբ։

Այդ առումով, նախարարի խոսքով, անհրաժեշտ է փոխգործակցության նոր մեխանիզմ հաստատել գործադիր իշխանության տարբեր կառույցների միջև։

Մնացականյանը նշեց, որ նախաձեռնությունն ուղղված է արտաքին քաղաքականության մեջ սերտ փոխգործակցության հասնելուն։

ՀՀ վարչապետն այս նախագիծն անվանեց ինստիտուցիոնալ կարևորագույն բարեփոխումներից մեկը։

«Կարևոր է նաև արձանագրել, որ այս ամենն արվում է պետական պաշտոնյաների արտաքին հարաբերությունները ճիշտ կազմակերպելու համար։ ԱԳՆ–ն այդ ամբողջ պրոցեսը սպասարկելու շատ կարևոր գործառույթ պետք է իրականացնի», – ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանի ներկայացուցիչներն արդեն բախվել են մի իրավիճակի, երբ հայտնի չէր, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել նախկին իշխանության ներկայացուցիչները։ Նման դեպքեր արդեն եղել են նաև նոր իշխանության օրոք։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարց ուղղեց։

«22-րդ կետում ասվում է, որ միջկառավարական հանձնաժողովների գործունեության ընդհանուր համակարգումն իրականացնում է ԱԳՆ–ն։ Ինչպե՞ս ենք մենք սա պատկերացնում, ինչպե՞ս ենք դա անելու», – ասաց նա։

Նրան հետաքրքրում էր, թե ով է ձևավորելու աշխատանքային օրակարգը։ Արտգործնախարարը պատասխանեց, որ դա անելու է հայկական կողմի հանձնաժողովի ղեկավարը։

Թեման շարունակեց նաև մյուս փոխվարչապետը` Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ եթե օրակարգը ձևավորումը դրված է հայկական կողմի հանձնաժողովի համանախագահի վրա, ապա համակարգումը, փաստորեն, ևս նա է իրականացնում։

«Պետք է հասկանալ, գտնել ճիշտ ձևակերպումը։ ԱԳՆ–ն, միանշանակ, իր դերն ունի միջկառավարական հանձնաժողովների աշխատանքում։ Սակայն եթե խոսում ենք համակարգման մասին, ստացվում է, որ արտաքին գործերի նախարարը ավտոմատ պետք է բոլոր այս միջկառավարական հանձնաժողովների հարցերով զբաղվի։ Կարծում եմ` այստեղ ձևակերպման խնդիր կա», – նշեց Ավինյանը։

Նրա հետ համաձայնեց նաև վարչապետը` նշելով, որ «համակարգում» հասկացությունը պետք է բացատրվի։ Մնացականյանին հարցեր ուղղեց նաև շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Ի վերջո, նախագիծը հաստատվեց` պայմանով, որ տեքստն ավելի ուշ կհամաձայնեցվի փոխվարչապետների գրասենյակների և մյուս նախարարությունների հետ։

77
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, ՀՀ կառավարություն, Զոհրաբ Մնացականյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Առաջին անգամ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը գերազանցում է 600 հազարը. Փաշինյան
Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը չփլուզվեց անգամ երկրաշարժից. Փաշինյանի հակափաստարկները
Հայաստանի հարկային ծառայությունը մտադիր է բիզնեսին վերադարձնել հին պարտքերը
Ձկնաբուծարանների սահմանափակման հարցում կառավարությունը լուրջ քայլեր է անում. «Փաստ»