Ամուլսար

«Լիդիանը» քննչական կոմիտեին է ներկայացրել փորձաքննությանն առնչվող իր պատասխանները

46
(Թարմացված է 10:55 19.08.2019)
«Լիդիանը» տրամադրել է փորձաքննության շրջանակներում իրենից պահանջված ցանկացած տեղեկատվություն։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. «Լիդիան Արմենիան» քննչական կոմիտեին է ներկայացրել բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության Facebook սոցիալական ցանցի էջից։

«Փորձաքննության եզրակացությունը հաստատեց շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ «Լիդիանի» խիստ զգուշավոր մոտեցումը: «Լիդիանի» պատասխանները եզրակացության մեջ տեղ գտած առաջարկություններին արդեն իսկ վկայում են շրջակա միջավայրի նկատմամբ ընկերության պատասխանատու վերաբերմունքի մասին»,–ասել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը։

Նրա խոսքով` շրջակա միջավայրի պահպանության՝ «Լիդիանի» միջոցառումները համապատասխանում և հաճախ նույնիսկ գերազանցում են միջազգային բոլոր կիրառվող չափանիշները։ Ըստ նրա` դրանք արդեն իսկ գնահատվել և հաստատվել էին շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման շրջանակներում, ինչի հիման վրա ընկերությունը ստացել է ընդերքօգտագործման թույլտվությունները:

Լուրջ և բարձր մակարդակի ծրագիր է կազմված. բնապահպանության նախկին նախարարը` Ամուլսարի մասին

Սելլերսը նշում է, որ «Լիդիանը» տրամադրել է փորձաքննության շրջանակներում իրենից պահանջված ցանկացած տեղեկատվություն և տրամադրված տեղեկատվությունն ավելի քան բավարար էր, որպեսզի փորձաքննության եզրակացության հեղինակները կարողանային մասնագիտական եզրահանգումներ կատարել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14–ին քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Ամուլսարի փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ քրեական հետապնդման հիմքեր չկան։

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ կոռուպցիոն և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ գործն, ամենայն հավանականությամբ, կկարճվի։

Ավելի վաղ ակտիվիստները հայտնել էին, որ Ամուլսարի ոսկու հանքի փոշին կարող է վնասակար լինել Ջերմուկի բնակիչների համար, իսկ ստորգետնյա ջրերի միջով այն կարող է Սևան հասնել։ «Լիդիան Արմենիան» փորձաքննություն էր անցկացրել` հանքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ստուգելու համար, որն ընդունել էր Էկոնոմիկայի նախարարությունը։

Միջազգային դատարանից մենք չենք վախենում. Փաշինյանը խոսեց «Լիդիանի» մասին

2018 թվականի իշխանափոխությունից հետո կառավարությունը որոշեց կրկնակի փորձաքննություն անցկացնել հանքում։ ՀՀ կառավարությունը պայմանագիր կնքեց Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով 396,900 դոլար։

Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է, որի շահագործման համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն GeoTeam-ը (ավելի ուշ վերանվանվել է «Լիդիան Արմենիա»)։

46
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Քննություն, հանքարդյունաբերություն, հանք, Ամուլսար, Լիդիան
Ըստ թեմայի
Ամուլսարի գործը կկարճվի՞. ինչ է պարզվել փորձաքննության արդյունքում
«Ոչ մի հետ քայլ Ամուլսարի հարցում». ակտիվիստները փորձեցին կառավարության շենք մտնել
Ամուլսարի հարցով հրապարակված եզրակացությունը սպասելի էր. «Լիդիանի» տնօրեն