Դավիթ Գրիգորյան

Դավիթ Գրիգորյանին թույլատրվել է սկզբից մինչև վերջ մասնակցել խուզարկությանը. դատախազություն

58
(Թարմացված է 17:03 19.07.2019)
Դատախազությունը ներկայացրել է քրեկան գործի որոշ մանրամասները` վստահեցնելով, որ առանձին ԶԼՄ–ներ իրականության հետ աղերս չունեցող գնահատականներ են ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Դատավոր Դավիթ Գրիգորյանին թույլատրվել է սկզբից մինչև վերջ մասնակցել խուզարկության գործողությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը` նշելով, որ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարվելու, դրա նպատակների ու իրավաչափության, ինչպես նաև այդ քրեական գործի շրջանակում դատախազության կայացրած դատավարական որոշումների վերաբերյալ որոշ ԶԼՄ–ներում տրվել են իրականության հետ աղերս չունեցող և մինչև անգամ երևակայական գնահատականներ։

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 16–ին խուզարկել էին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը։ Նա այդ ժամանակ արձակուրդում է եղել։ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշում էր կայացրել։

«Նկատի ունենալով, որ առանձին լրատվամիջոցներ կասկածի տակ են դրել դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողությունների իրավաչափությունը՝ հարկ ենք համարում նշել, որ քննչական գործողություններ կատարելու նպատակով դատարանի շենք մուտք գործելուց առաջ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն անհապաղ այդ մասին իրազեկել է ԲԴԽ–ին։ Բացի այդ, չնայած քրեական հետապնդման չենթարկվող դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողություններին նրա մասնակցությունն օրենքի ուժով պարտադիր չէ, աշխատասենյակում խուզարկություն կատարելու քննչական գործողության ընթացքում քննչական գործողության կատարման վայր իր նախաձեռնությամբ ներկայացած դատավորին վարույթն իրականացնող մարմինը թույլատրել է սկզբից մինչև վերջ մասնակցել քննչական գործողությանը՝ օգտվելով դիտողություններ և հայտարարություններ անելու իրավունքից»,– նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոչ թե շուրջ մեկ տարի առաջ, ինչպես փորձ է արվում մատուցել, այլ 2019 թվականի փետրվարին։

«Գրիգորյանի դեմ հաղորդում ներկայացրած քաղաքացին հայտնել է, որ քրեական հետապնդման մարմինների որոշումների դեմ դատարան ներկայացրած բողոքի նյութերի ուսումնասիրությամբ պարզել է, որ դրանց կցվել է բողոքի քննությանն իրեն կանչելու մասին ծանուցում, մինչդեռ իրեն նման ծանուցում չի ուղարկվել։ Այդ կերպ ստեղծվել է պատրանք, թե կողմերին ուղարկվել են ծանուցումներ, սակայն նրանց չներկայանալու արդյունքում դատական նիստը չի կայացել»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Դատական նիստերի արձանագրությունների և ձայնագրման կրիչի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ օրը դատական նիստ տեղի չի ունեցել:

Հիշյալ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 2019–ի փետրվարի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից կայացված որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ նկատի ունենալով, որ թեև ծանուցումը կցված է եղել դատական գործին, սակայն այն կողմին չուղարկելու հանգամանքն ընդունել է դատավորը՝ դա պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:

Քննիչի որոշման դեմ բերված բողոքը մերժել է վերադաս դատախազը:

Հաղորդում տված անձը, սակայն, քննիչի և դատախազի որոշումները այս տարվա մայիսին բողոքարկել է նաև ՀՀ գլխավոր դատախազին: Ներկայացված այս բողոքով քաղաքացին հայտնել է առավել հիմնավոր փաստարկներ.«Փաստարկներ են ներկայացվել ոչ թե նիստի ծանուցման մասին, ինչի տպավորությունը համառորեն փորձ է արվում ստեղծել լրատվական միջավայրում, այլ դատական նիստի արձանագրության կեղծված լինելու վերաբերյալ, որոնք առերևույթ վկայել են պաշտոնեական կեղծիքի օբյեկտիվ հատկանիշների մասին»:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից բողոքի բավարարումը և քրեական գործի հարուցման որոշում կայացնելը պայմանավորված է եղել բացառապես այդ հանգամանքով և ներկայացված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու անհրաժեշտությամբ: Այսինքն` դատախազությունն այդ նյութերը վերանայել է ոչ թե իր նախաձեռնությամբ, այլ հաղորդում ներկայացրած քաղաքացու կողմից ՀՀ գլխավոր դատախազին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացված բողոքի քննարկման արդյունքում:

Դատախազության հավաստմամբ` այս իմաստով իրականության հետ որևէ աղերս չունի լրատվամիջոցներով ստեղծվող այն տպավորությունը, թե իբրև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում կայացնելուց հետո են դատախազությունում որոշել վերանայել դեռևս փետրվարին մերժված նյութերը:

«Դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով վերը նշված որոշումները կայացնելու և պաշտոնեական կեղծիքի դեպքի առթիվ դատախազության կողմից քրեական գործ հարուցելու միջև կապի վերաբերյալ տողատակերից հասկացվող գնահատականները երևակայական աստիճանի իրականությունից հեռու են նաև այն պատճառով, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման կայացման օրվա՝ 2019 թվականի հունիսի 28-ի դրությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված հիշյալ դատական ակտերը Վերաքննիչ դատարանի կողմից բեկանված են եղել»,– վստահեցնում է դատախազությունը:

Իսկ աշխատասենյակում կատարված խուզարկությունը և առգրավումը հետապնդել են բացառապես մեկ իրավաչափ նպատակ՝ գործով ձեռք բերել պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ:

Դատախազությունը պնդում է նաև, որ խուզարկություն կատարելու նպատակով դատարանի շենք մուտք գործելուց առաջ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն այդ մասին իրազեկել է Բարձրագույն դատական խորհրդին։

Հիշեցնենք, որ երեկ Դավիթ Գրիգորյանի պաշտպանը` Գեորգի Մելիքյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ դիմել են ԲԴԽ, քանի որ դատավորի մոտից առգրավման գործողություն կատարելու համար պետք է կանխավ այդ մասին տեղյակ պահեին դատավորին, ինչը չի արվել։ Բացի այդ, քանի որ տեղյակ չեն պահել, ուստի դատավորին թույլ չեն տվել առգրավման գործընթացին մասնակից դառնալ, ինչը, ըստ պաշտպանի, նույնպես խախտում է։

58
թեգերը:
խուզարկություն, Ռոբերտ Քոչարյան, ՀՀ դատախազություն, Դավիթ Գրիգորյան, Հայաստան
Ըստ թեմայի
Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել ՍԴ դիմելու որոշումը բեկանելու դեմ
Ինչի համար է քրգործ հարուցվել Դավիթ Գրիգորյանի դեմ, և ինչ կապ ունի այն Քոչարյանի գործի հետ
Ռոբերտ Քոչարյանը դատարանում

Դատարանը հրաժարվեց վերացնել Քոչարյանի ու Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը

31
(Թարմացված է 15:12 04.08.2020)
ՀՀ երկրորդ նախագահի ու նախկին փոխվարչապետի փաստաբանները դեմ են դատարանի որոշմանը։ Նրանք կարծում են, որ այդ որոշումը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում դատարանը մերժեց քննության այս փուլում հանել Քոչարյանի ունեցվածքի, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը։ Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ փաստաբանները մերժեցին դատավորին տրամադրել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը։

Հուլիսի 28-ին կայացած նախորդ նիստում փաստաբանները դատարանին միջնորդել էին վերացնել նրանց գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքը։։ Երկրորդ նախագահի պաշտպանները կարծում են, որ կալանքի ոչ մի պատճառ չկա։

Ալումյանը, ներկայացնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը, նշեց, որ դեռ 2019 թվականին իրենք կալանքը չեղարկելու համար Վերաքննիչ դատարան էին դիմել, դատարանը բավարարել էր բողոքը։ Սակայն ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանն անցյալ տարվա հունիսին փաստացի հրաժարվել էր կատարել վերադաս դատական ատյանի որոշումը։ Ալումյանի խոսքով` դատարանը չի ուզում վերացնել ակնհայտ ապօրինությունը, հենց այդ պատճառով էլ իրենք որոշել են մերժել դատարանի խնդրանքը։

Ալումյանի որոշմանը միացավ նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Դանիբեկյանն իր հերթին հայտարարեց, որ դատարանը չի կարող կալանքը հանելու հարցը լուծել առանց ունեցվածքի չափի նախնական գնահատման։ Այդ պատճառով էլ դատարանը որոշել է հետաձգել կալանքը հանելու հարցը։ Ի պատասխան դրան պաշտպանները հայտնեցին, որ այդ որոշումը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։

«Ես չեմ հասկանում` ինչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է, և վերջ». Ռոբերտ Քոչարյան

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Ռոբերտ Քոչարյանը խոսել է տավուշյան դեպքերի ու Ադրբեջանի ագրեսիայի պատճառների մասին

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Իշխանությունները պատրաստ չեն լսել. Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի. տեսանյութ

31
թեգերը:
Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան
Սամվել Ալեքսանյան. արխիվային լուսանկար

Հանուն 1 միլիոնի. ինչու է քաղաքապետը «վատամարդ» դառնում Սամվել Ալեքսանյանի և մյուսների մոտ

46
(Թարմացված է 15:04 04.08.2020)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ աօպրինի կառուցապատողների դեմ պայքարում իրեն չի հետաքրքրում, թե ով է կանգնած դրանց հետևում`ՀՀԿ–ական է, ՔՊ–ական է, թե որևէ այլ քաղաքական ուժի ներկայցուցիչ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը մտադիր է դիմել կառավարությանը` 2006 թվականի մայիսի 18–ին ընդունված 912-Ն որոշումը չեղարկելու պահանջով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

14 տարի առաջ ընդունված որոշումը, որով հաստատվում է ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը, Մարությանը «աբուրդ» է համարում։

«Ասում է` եթե դու համայնքային հողի վրա, կամ պետության հողի վրա ինչ–որ շինություն ես կառուցում, և այդ կառուցման պահին ու հաջորդ երկու ամսվա ընթացքում քեզ չեն բռնում, ապա դու կարողանում ես շատ սպիտակ դեմքով գալ, դիմել քաղաքապետարան, որպեսզի օրինականացնես այդ քո շինությունը։ Եվ քաղաքապետարանը պարտավոր է օրինականացնել այդ քո ապօրինի շինությունը, եթե չկա քաղաքաշինական նորմերի խախտում։ Ըստ իս` սա աբսուրդ է»,– ասաց Մարուքյանը։

Քաղաքապետը հայտնեց, որ այդ որոշումը չեղարկելու կամ փոխելու ուղղությամբ կառավարությունն արդեն աշխատում է։ Իսկ քանի դեռ որոշումը գործում է, Հայկ Մարությանի խոսքով` քաղաքապետարանի աշխատակիցներն ուղղակի «տառապում են» դրա պատճառով։

«Աղա ջան, բարկացա՞ծ ես». Թեհմինա Վարդանյանը դեղին քարտ ցույց տվեց Հայկ Մարությանին

Հայկ Մարությանը հիշեցրեց, որ այդ նույն կարգով ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը փորձ էր արել օրինականացնել օպերայի տարածքում գտնվող իր «Ռիչ գարդեն» սրճարանը։

««Ռիչ գարդենը», որը Սամվել Ալեքսանյանինն էր, գուցե իր անունով չէր, ինչ–որ ազգականի վրա էր գրանցված, ես արդեն լավ չեմ հիշում, արդեն պետք է գրանցվեր կադաստրում, և ես հասցրել եմ «ստոպ տալ» այդ պրոցեսը և վերադարձնել համայնքին»,– ասաց Մարությանը։

Երևանի քաղաքապետը նշեց, որ այս կերպ ինքը ստիպված է լինում «վատամարդ» լինել, բայց փրկել քաղաքի սեփականություն մնացած սակավաթիվ հողատարածքները։

«Ես եմ այդ մարդկանց վերաբերյալ որոշումներ կայացնում, որ պետք է քանդվի քո կաֆեն, քո կաֆեն էլ պիտի քանդվի, քո տաղավարը պիտի այստեղից դուրս գա, դու այսուհետ այդ եկամուտը չպիտի ունենաս», –ասաց նա` վստահեցնելով, որ նման որոշումներ կայացնելով` ինքն առաջնորդվում է հանրային շահով. վատություն է անում մեկ անձի` հանուն Երևանի մնացած 1 մլն բնակիչների։

Մեկ այլ դեպքում էլ ապօրինի կառուցապատումներն արգելելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, Մարությանի բնորոշմամբ, ստիպված են լինում գիշեր–ցերեկ «ծառայություն իրականացնել» կառուցապատվող տարածքում, որոնց տերերը հարմար առիթ են փնտրում քաղաքաշինական նորմերն ու թույլտվության պահանջները խախտելու համար։

«Դա իր սեփականությունն է, մենք ոչինչ չենք կարող անել». Մարությանը` Մաշտոցի պուրակի մասին

«Ես չեմ հասկանում. եթե դու ունես թույլտվություն, եղբա՛յր, գնա, կառուցիր ըստ այդ թույլտվության»,– ասաց նա` հավելելով, որ նման կառուցապատողների ամենասիրած աշխատանքային ժամանակը շաբաթ առավոտից մինչև կիրակի գիշեր ընկած ժամանակահատվածն է։

«Ինչո՞ւ։ Որովհետև աշխատանքային օրեր չեն։ Իսկ ամենաիդեալական ժամանակը շաբաթ և կիրակի գիշերներն են։ Եվ մեծ մասամբ բոլոր ապօրինությունները տեղի են ունենում այդ հատվածում։ Մենք էլ հաճախ ստիպված ենք լինում մեր աշխատողներին խնդրել, որ կասկածելի օբյեկտների մոտ շաբաթ և կիրակի, երբեմն նաև գիշերները ծառայություն տանեն»,– ասաց նա։

Մարությանը նաև նկարագրեց, թե ինչպես են կառուցվում անօրինական շինությունները` հնարավորինս արագ և անաղմուկ։
«Դուք ուղղակի չեք պատկերացնի, թե ինչպես են պատրաստված, 15-20 հոգանոց թիմով, շինանյութով գալիս` կիսաֆաբրիկատ պատերով, մի մասը արդեն կառուցած բերում են, որ բերեն ու արագ հավաքեն։ Ուղղակի կարելի է ֆիլմ նկարել դրա մասին»,– լրագրողներին պատմեց Մարությանը։

«Այ ախպեր, ո՞ւր ա գործ...». Փաշինյանը պատմել է Մարությանի հաղորդագրության մասին

Եզրափակելով թեման, Մարությանը հայտարարեց, որ իրեն չի հետաքրքրում, թե ով է կանգնած ապօրինի կառույցի հետևում`ՀՀԿ–ական է, ՔՊ–ական է, թե որևէ այլ քաղաքական ուժի ներկայցուցիչ։

46
թեգերը:
Սամվել Ալեքսանյան, շինարարություն, Երևան, Ապօրինի, Հայկ Մարության, քաղաքապետ
Ըստ թեմայի
Մեկնարկը տրված է. Աջափնյակում ապամոնտաժում են ապօրինի կրպակները
Արաբկիրի պուրակը կսկսի «շնչել». շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. լուսանկարներ
Երևանի գիրք–տնակներն ապամոնտաժվել են. լուսանկարներ
Արթուր Մեսչյան

Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը

0
(Թարմացված է 15:56 04.08.2020)
Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի` պաշտոնից հրաժարվելու լուրին և գնահատել նրա երկամյա գործունեությունը։
Մինասյան. «Հնարավոր է` Մեսչյանն առնչվել է խնդիրներին, բայց չի կարողացել անցնել պատնեշները»

Մկրտիչ Մինասյանի կարծիքով` շատ դժվար է ներկա պայմաններում խստորեն դադարեցնել ճարտարապետական լուծումներին առնչվող որոշ գործընթացներ, և դրա համար պետք է լինեն քաղաքական հստակ որոշումներ։ Մինասյանն իր տեսակետը հայտնեց` անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի` Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուրը Մեսչյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել։

«Օրինակ` հիմա Մաշտոցի պուրակում կրկին տեղադրվել են սրճարաններ։ Սեփականատերերին ժամանակին տրվել են երկարաժամկետ թույլտվություններ, և հիմա չեն կարողանում այդ գործընթացի դեմն առնել։ Շատ հնարավոր է, որ Մեսչյանն առնչվել է նման խնդիրների հետ և չի կարողացել անցնել պատնեշները։ Դա նրա անելիքն էր, բայց ուժերից վեր էր։ Ես վաղուց ճանաչում են Արթուրին, նա իր բնույթով խնդիրները լուծելու ճանապարհին էր, բայց ամենօրյա պայքարը ջլատում է մարդուն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Մինասյանը մատնանշեց այն հակասությունը, որ մի դեպքում սեփականատերերն ասում են, թե իրենց տարածքում կարող են անել ամեն ինչ, բայց մյուս կողմից էլ քաղաքն իր ճարտարապետական օրինաչափություններն ունի, հետևաբար սեփականատերերը պետք է հետևեն դրանց, և այդ խնդիրն առհասարակ, ըստ Մինասյանի, պետք է լուծվի օրենսդրական դաշտում։

Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը վկայակոչեց ևս մեկ հակասական իրավիճակ, որն առնչվում է Նորքի կանաչապատ տարածքներին։ Նրա խոսքով` գույքի վարչությունը պատրաստվում է հողահատկացումների աճուրդ կազմակերպել։ Եթե գլխավոր հատակագծով դա չկա, կամ եթե նախկինում եղել են նման որոշումներ, ապա ինչո՞ւ են փորձում դրանք ռեանիմացիայի ենթարկել, տարակուսում է Մկրտիչ Մինասյանը և հավելում, որ Երևանը ճարտարապետական առումով ոչ միայն անհարազատ, այլև անհարմար է դարձել։

«Արթուր Մեսչյանի պաշտոնավարման վերջնահատվածում արդեն կար համավարակը, իսկ դրանից առաջ, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, մեծ ներդրումներ չէին արվում, և այս հանգամանքները նույնիսկ օգնել են, որ մի փոքր դադար առնենք, որովհետև շատ մեծ ներդրումները հղի են շատ մեծ կառույցներով, որոնք կարող են աղճատել քաղաքի ճարտարապետական դիմագիծը։ Մենք փրկվել ենք դրանից։ Պարզապես պետք էր այս դադարն օգտագործել և ստեղծել այնպիսի մոդուլ, որ քաղաքը ազատեինք անհարկի կառուցապատումներից»,– ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Ըստ Մինասյանի` ճարտարապետության ռազմավարությունը պետք է արտացոլվի գլխավոր հատակագծում։ Նրա խոսքով`1990–ականներից ի վեր գլխավոր ճարտարապետներն ինքնուրույն են որոշումներ կայացրել, նրանց թվացել է, թե յուրատեսակ լուծումներ են առաջարկել, բայց արդյունքում ի հայտ են եկել նոր խնդիրներ։ Ըստ այդմ`չկա ապագայի հեռանկարին միտված հստակ հայեցակարգ, անհրաժեշտ է էապես վերանայել Երևանի գլխավոր հատակագիծը, որն, ըստ Մինասյանի, կարծես կորցրել է ուժը։

0
թեգերը:
Արթուր Մեսչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի քաղաքապետը պատմեց` որքան գումար է ստանում ու ինչերից է հրաժարվել պաշտոնը ստանձնելով
Հանուն 1 միլիոնի. ինչու է քաղաքապետը «վատամարդ» դառնում Սամվել Ալեքսանյանի և մյուսների մոտ