Նաիրա Հարությունյան

Ամուլսարի հարցը հետաձգվում է ևս մեկ ամսով. ՔԿ–ն արձագանքեց պատգամավորին

110
(Թարմացված է 17:19 09.07.2019)
Փաշինյանը հայտարարել էր, որ Ամուլսարը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։ Եզրակացությունը կա, բայց Քննչական կոմիտեն լրացուցիչ հարցադրումներ է առաջադրել փորձաքննությունն իրականացնող ընկերությանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն դեռևս չի ստացել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։

«Քննչական կոմիտեն փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությանը լրացուցիչ հարցադրումներ է առաջադրել, ինչպես նաև պահանջել մի շարք մեկնաբանություններ, ինչի արդյունքում փորձաքննության կատարումը երկարաձգվել է»,– նշել է նա։

Ըստ Հարությունյանի` Քննչական կոմիտեն համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը կստանա հուլիսի վերջին և հանդես կգալ հայտարարությամբ:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը խոսնակին հիշեցրել է, որ մինչ այդ կոմիտեն խոստացել էր հունիսի վերջին հրապարակել ամբողջական եզրակացությունը, ինչին խոսնակը պատասխանել է, որ Փորձաքննության եզրակացության մեկ ամիս ուշանալը ունի պատշաճ հիմնավորում։

Հիշեցնենք` այսօր նույն խնդրի մասին ԱԺ–ում խոսեց նաև իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը` շրջակա միջավայրի նախարարից հետաքրքրվելով, թե ինչու չի հրապարակվում խոստացված միջազգային փորձաքննությունը, և ինչու է դրա թարգմանությունն այդքան երկար տևում։

Նախարարը հիշեցրեց, որ գործի քննությամբ զբաղվում է Քննչական կոմիտեն ու խորհուրդ տվեց դիմել այդ կառույցին։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Ամուլսարի համալիր փորձաքննության 150 էջից բաղկացած եզրակացությունը ստացել է մայիսի 31-ին։

Ամուլսարի ճակատագիրը կլուծվի. կառավարությունը փողը տվեց

Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն է իրականացվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։

110
թեգերը:
Ամուլսար, ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան
թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (78)