Նաիրիա Զոհրաբյան, արխիվային լուսանկար

Պամպերսի առաքիչն էլ կարող է լուրջ պաշտոն զբաղեցնել. ո՞վ կլինի ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը

127
(Թարմացված է 15:00 09.07.2019)
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցչին առաջադրվող պահանջների շուրջ քննարկումն ԱԺ-ում բավական թեժ էր: Պատգամավորները քննադատեցին կառավարության մոտեցումը:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Պետք է բացառել այլ երկրի քաղաքացի լինելու տարբերակը և օրենքում ամրագրել «բացառապես ՀՀ քաղաքացի» տարբերակը: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ–ում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` քննադատելով ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի համար ներկայացվող պահանջները։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչը կարող է լինել իրավաբանական կրթությամբ, օտար լեզվի իմացությամբ առնվազն 25 տարեկան երիտասարդը:

«ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մասին» նախագծի այս պահանջները մտահոգել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին:

«Օտար լեզվի իմացությունը մի սարքեք կոսմիկական առաքելություն: Մարդը կարող է մինչև 25 տարեկանն իրենց տան թախտին նստած լինել, իմանալ օտար լեզու և այնտեղից միանգամից տեղափոխվել ՄԻԵԴ` չունենալով ոչ մի փորձառություն: Ցավոք, վերջին շրջանում մենք այդպիսի շատ օրինակներ տեսել ենք: Կներեք, բայց պամպերսի առաքիչը կարող է գալ լուրջ պաշտոն զբաղեցնել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մասնագիտական փորձառության շուրջ մտահոգություն հայտնեց նաև նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը`ասելով. «Այդ պահանջները, որ դրված են, այսօր իրավագիտության ֆակուլտետն ավարտած ցանկացած միջին մակարդակի ուսանող արդեն բավարարում է: Բա աշխատանքային ստա՞ժը»:

ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ որոշում է կայացրել

Նախագիծը խորհրդարանին ներկայացնող Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը վստահեցրեց, որ ՀՀ վարչապետը նման նշանակում անել չի կարող:

Գևորգ Պետրոսյանն էլ արձագանքեց. «Մենք ինչու՞ օրենքով չենք բացառում դա, հույսներս դնում ենք գործող, կամ ապագա վարչապետի բարի կամքի վրա»:

«Բարգավաճ Հայաստանն» առաջարկեց օրենքում ամրագրել առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունենալու պահանջը` խոստանալով այդ առաջարկը ներկայացնել նաև գրավոր կարգով:

Հարցի քննության ընթացքում նշվեց նաև, որ ՀՀ ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում պետք է իրավունք չունենա այդ պաշտոնը համատեղել այլ աշխատանքների հետ և ստանալու է բազային աշխատավարձի 11-ապատիկի չափով աշխատավարձ, ինչն այսօր գործող կարգավորումներով շուրջ 500 000 դրամ է:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը, պատգամավորների հարցերին պատասխանելով, հայտնեց, որ ՀՀ-ի վերաբերյալ ՄԻԵԴ-ում մինչ օրս կայացվել է 111 գործով վճիռ, որոնցով ՀՀ-ը դիմումատուներին վճարել է 1 360 000 եվրո գումար:

Իսկ թե քանի գործ է գտնվում քննության փուլում` փոխնախարարը նման վիճակագրության չի տիրապետում: Տեղյակ չէ նաև, թե ովքեր են այդ գործերով ՀՀ դատարաններում վճիռներ կայացրած դատավորները: Ասատրյանի խոսքով` նման վերլուծություն Հայաստանում ընդհանրապես չի իրականացվում: Փոխնախարարը նշեց նաև, որ որոշ դեպքերում կայացրած վճիռներում դատավորների մեղավորությունը չկա, պատճառը ՀՀ օրենսդրության անկատարությունն է եղել:

Հիշեցնենք`ներկա պահին ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի պարտականությունները համատեղության կարգով իրականացնում է ՀՀ վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը:

127
թեգերը:
Նաիրա Զոհրաբյան, ԱԺ, Դատարան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Հայաստան
թեմա:
7–րդ գումարման Ազգային ժողով (79)
Ըստ թեմայի
Նախադեպ կդառնա՞․ Եվրոպական դատարանը սկսել է Լապշինի գործով հաղորդակցվել Բաքվի հետ
Ինչ է որոշել Եվրոպական դատարանը Մայրապետյանի գործով. Դատախազության պարզաբանումը
Եվրոպական դատարանը Մանվել Գրիգորյանի գործով տեղեկատվություն է պահանջել Հայաստանից