Ամուլսար

Ինչու է ուշանում Ամուլսարի փորձաքննության պատասխանը. նախարարն առաջարկում է դիմել ՔԿ

81
(Թարմացված է 16:18 09.07.2019)
Իշխող ուժի տնտեսագետ պատգամավորը իշխող ուժի նախարարից պահանջում է հստակ պատասխաններ: Նախարարը խորհուրդ է տալիս դիմել Քննչական կոմիտե:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի- Sputnik. Ի՞նչ է ցույց տվել Ամուլսարի հանքավայրի միջազգային փորձաքննությունը, և ինչո՞ւ է այդ փաստաթուղթն այդքան երկար թարգմանվում: Այսօր ՀՀ ԱԺ-ում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից այս հարցերի պատասխանը պահանջեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Դուք գիտեք, որ այդ փորձաքննությունը քրեական գործի շրջանակում Քննչական կոմիտեի կողմից փորձաքննական եզրակացություն ստանալու համար կատարված փորձաքննություն էր, և Շրջակա միջավայրի նախարարության տրամադրած փորձաքննական գործընթացների հետ չի առնչվում»,- ասաց նախարարը` պատգամավորին խորհուրդ տալով հետաքրքրող հարցերն ուղղել Քննչական կոմիտե:

Պատգամավորին, սակայն, այս պատասխանը չբավարարեց: Թունյանը շեշտեց, որ գործընթացը Քննչական կոմիտեի միջոցով իրականացնելը զուտ տեխնիկական պատճառ ունի, բայց հարցի իրական հասցեատերը մնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

«Մենք ուզում ենք իմանալ՝ Ամուլսարի հանքավայրը բնությանն անթույլատրելի վնաս պատճառո՞ւմ է, թե՞ չի պատճառում: Ու քանի որ դուք շրջակա միջավայրի համար եք պատասխանատու, իսկ ես՝ որպես տնտեսագետ, ավելի շատ տնտեսական շահերի մասին եմ մտածում, ինձ հետաքրքիր է` այս մեկ տարվա հետաձգումը` իր տնտեսական վնասի հետ, որքանո՞վ է համարժեք այդ բնապահպանական վնասի հետ»,- հարցրեց պատգամավորը:

Հարցին նախարարը պատասխանեց` հիշեցնելով Արարատյան դաշտի ձկնաբուծարանների օրինակը, որոնք տարիներ շարունակ բարձր տնտեսական ցուցանիշներ ապահովելուց հետո հանգեցրին բնապահպանական ծանր խնդրի` սպառելով տարածքի գրունտային ջրերը:

Անդրադառնալով Ամուլսարին` Գրիգորյանը դարձյալ շեշտեց, որ քրեական գործը հարուցված է, և եթե կպարզվի, որ նախարարության պաշտոնյաները տեղյակ են եղել հնարավոր բնապահպանական ռիսկերի մասին ու թաքցրել են դրանք, նրանք ևս պատասխանատվության կենթարկվեն:

Սևանի սառը շերտը վնասվել է. նախարարը պարզաբանեց` ինչ է կատարվում լճում

 

 

81
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Բաբկեն Թունյան, Էրիկ Գրիգորյան, Ամուլսար, հանք, Հայաստան
Ըստ թեմայի
Փոքր ՀԷԿ-երը, Ամուլսարը, Սևանից ջրառն ու անտառահատումները. բնապահպանական մտահոգություններ
Ամուլսարը չի աշխատում, բայց ներդրումների հոսքը դեպի Հայաստան աճել է
«Լիդիան Արմենիա» ընկերության դեմ քրեական գործ հարուցվեց