Մնացականյանը հանդիպել է Մոգերինիին

Վիզայի ազատականացում, ԼՂ խնդիր, ԵՄ աջակցություն. Մնացականյանը հանդիպել է Մոգերինիին

29
(Թարմացված է 18:17 13.06.2019)
Տարաբնույթ հարցեր են քննարկվել Բրյուսելում կայացած Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հայաստանը և Եվրամիությունը ավելի արդյունավետ կկիրառեն Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Բրյուսելում այսօր կայացած Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը վերահաստատեց, որ այս հավակնոտ համաձայնագիրը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի արդիականացման գործում:

Այս համատեքստում ԵՄ-ն ողջունեց Հայաստանում  2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի մթնոլորտում և վայելել են լայն հանրային վստահություն: ԵՄ-ն վերահաստատեց իր պատրաստակամությունը սերտորեն համագործակցել ժողովրդավարական եղանակով ընտրված իշխանությունների հետ, խորացնել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ:

Խորհուրդն ողջունեց ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը` Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։

Խորհուրդը կարևորեց գործարար միջավայրի բարելավումը՝ խթանելու օտարերկրյա ներդրումները, աշխատատեղերի աճը և աղքատության կրճատումը:

Խորհուրդը քննարկեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և կլիմայի փոփոխության ոլորտներում համագործակցությունը, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությունում Հայաստանի մասնակցությունը, 2019թ. փետրվարին Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնումը, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող  «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային նախագծի շրջանակներում համագործակցությունը: Այս համատեքստում ԵՄ-ն աջակցություն կտրամադրի այն առաջնային ենթակառուցվածքային ծրագրերին, որոնց մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին 2019թ. մարտին Բրյուսելում կայացած իրենց հանդիպման ընթացքում:

Քաղաքացիների շարժունակությունը և մարդկանց միջև շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով, ինչպես նաև պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն:

Խորհուրդը ընդգծեց, որ ԵՄ ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:

ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու հակամարտության ջրբաժանը հաղթահարելուն և ժողովրդներին խաղաղությանը պատրաստելուն ուղղված նախաձեռնություններին:

«Մենք աշխարհաքաղաքական խաղերի մեջ չենք մտնելու». Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ԵՄ ընտրության մասին

Թուրքիայի հարցում ԵՄ վերահաստատեց իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը և շեշտեց երկու կողմերի` այդ գործընթացի մեջ առանց նախապայմանների ներգրավվելու անհրաժեշտությունը: Հայաստանը վերահաստատեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ իր՝ վաղուց հայտնի դիրքորոշումը:

Խորհուրդը նախագահում էր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական միությունը ներկայացնում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

29
թեգերը:
Արցախ, Զոհրաբ Մնացականյան, Եվրամիություն, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ կառավարության փոփոխությունը ԵՄ–ի ծրագրերի վրա չի անդրադարձել. Եվրամիության դեսպան
Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմը ե՞րբ կդյուրացվի. դեսպանի պատասխանը
Բաղդասարյան. «Հայաստանի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքը դրական է, բայց նաև զգուշավոր»