Հայկ Գրիգորյան

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումը հնարավոր է հարևան երկրներից տարածված լինի. ՔԿ նախագահ

79
(Թարմացված է 16:48 10.06.2019)
Փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ–ի աշխատակիցների կողմից գաղտնալսում իրականացնելու հանգամանքը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Այս պահին քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որ հնարավոր է` հարևան երկրներից մեկից այդ գաղտնալսումը արված լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը` անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքին։

«Այսօր հայտնի է տեխնիկապես 6 եղանակ, որը թույլ կտար գաղտնալսել ցանկացածին։ Բոլոր ուղղություններով քննություն է կատարվել, ուղարկվել են մի շարք հարցումներ, այդ թվում՝ արտասահման։ Այն, որ հնարավոր է հարևան երկրներից մեկից է տարածվել այդ զրույցը, մենք արդեն իսկ այդ ուղղությամբ ակտիվ քննություն ենք իրականացվում, նշանակվել է փորձաքննություն»,–ասաց նա։

Նրա խոսքով` փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ–ի աշխատակիցների կողմից գաղտնալսում իրականացնելու հանգամանքը։

Հարցին, թե հնարավո՞ր է բարձրաստիճան նախկին պաշտոնյաներն են գաղտնալսումն իրականացրել` Գրիգորյանը պատասխանեց, թե նման ապացույցներ կամ ապացույցների համակցություններ այս պահին չունեն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Վանեցյանը և Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

79
թեգերը:
Քննություն, ՀՀ քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արթուր Վանեցյան, Սասուն Խաչատրյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ձայնագրությունը մոնտաժված է, դա փաստ է». Վանեցյանը մեկնաբանեց սկանդալային գաղտնալսումը
Փաշինյանի՞ն էլ են գաղտնալսում. փորձագետը` պաշտոնյաների անհոգության մասին
Ով ում է գաղտնալսում Հայաստանում. սիրուհիներին, թե՞ վարչապետին