Սասուն Խաչատրյան

Մարտի 1–ի գործով կլինե՞ն էլի ձերբակալություններ. պատասխանում է Սասուն Խաչատրյանը

90
ՀՔԾ պետը հավաստիացնում է, որ Գեղամ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի մասով ապացույցների բավարար համակցություն կա։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Մարտի 1-ի գործով սպանությունների բացահայտման հետ կապված աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

«Իհարկե, բարդություններ կան, անցել է շուրջ 11 տարի, մենք գիտենք, որ իրեղեն ապացույցները կեղծվել են։ Սակայն ես լավատես եմ, և մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունները բացահայտվեն»,–ասաց նա։

Անդրադառնալով ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին առաջադրված սպանության մեղադրանքին` Խաչատրյանը հայտնեց, որ Պետրոսյանն այս պահին ցուցմունք չի տալիս։ «Պետրոսյանի մասով, նախաքննության շահերից ելնելով, շատ բան չեմ կարող ասել։Սակայն այն, որ կա ապացույցների բավարար համակցություն, դա ակնհայտ է»,–ասաց Խաչատրյանը։

Հարցին, թե Մարտի 1–ի գործով առաջիկայում էլի՞ կլինեն ձերբակալություններ` նա պատասխանեց, որ չի կարող կանխակալ կարծիք հայտնել: 

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի քրեական գործով սպանության կասկածանքով ձերբակալված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվե՞լ է. պատասխանում է ՀՔԾ պետը

Քննչական մարմինը Գեղամ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Հունիսի 4-ին ՀՔԾ–ն հայտարարել էր, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը:

90
թեգերը:
Ձերբակալում, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Սասուն Խաչատրյան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հայաստան