ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ, արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր»,– գրել է նա։
Նա հայտնել է նաև, որ գոհ է այդ քայլից, շնորհակալ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ է նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար:
Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել նաև միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար:
«Վստահ եմ՝ լավ է լինելու, ... սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ»,– գրել է նա։
Արտակ Զեյնալյանն արդարադատության նախարար էր նշանակվել 2018թ. մայիսի 12-ին` «թավշյա հեղափոխությունից» հետո։
Մինչ այդ, 2017թ. ապրիլի 2-ից նա «Ելք» խմբակցության պատգամավոր էր։
Զեյնալյանը 1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1996թ. ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:
1986-98թթ. եղել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի սանիտար, բուժեղբայր, բժիշկ: 1998-2001թթ.՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:
2010թ. եղել է ՀՀ փաստաբանների պալատի գիտավերլուծական կենտրոնի սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:
«Նիկոլ-Դուման» երկրապահ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1993թ. «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ է։