Արթուր Վանեցյան

ԱԱԾ-ից կորած փաստաթղթերի փաստով քրեական գործ չի հարուցվել. Վանեցյանն ասաց` ինչու

87
(Թարմացված է 15:39 05.06.2019)
ԱԱԾ տնօրենը հայտնեց, որ ինքը գիտի` ինչ փաստաթղթեր են անհետացել, բայց այս պահին չի կարող բացահայտել:

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ԱԱԾ և ՀՔԾ աշխատակիցները միմյանց հետ համագործակցելով են իրականացնում օպերատիվ բոլոր գործողությունները, որպեսզի բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` պատասխանելով մարտի 1-ի գործով վերջին ձերբակալության մասին հարցին:

Երեկ ՀՔԾ–ն տեղեկություն տարածեց, որ ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Վանեցյանը հիշեցրեց, որ գործը գտնվում է ՀՔԾ վարույթում, ուստի ինքն այլ մանրամասներ հայտնել չի կարող: Անդրադառնալով ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի դեպքին, Վանեցյանը հայտնեց, որ այդ փաստով քրեական գործ առայժմ չի հարուցվել:

«Դա յուրահատուկ գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որևէ կասկած չմնա, որ մենք փորձել ենք կոծկել ինչ-ինչ փաստեր կամ որ այդ փաստաթղթերի անհետացման հետ կապված ինչ-որ գործեր չեն բացահայտվի: Ուղղակի ԱԱԾ տեսչական ու ներքին անվտանգության վարչությունը շատ մեծ ծավալի աշխատանք է իրականացնում: Բայց կարծում եմ` առաջիկայում կավարտվի ու կփոխանցվի քննչական մարմին»,- ասաց Վանեցյանը` հավելելով, որ քննչական մարմնի ընտրությունը կանի դատախազությունը:

ԱԱԾ տնօրենը նաև հայտնեց, որ ինքը գիտի, թե ինչ փաստաթղթեր են անհետացել, բայց այս պահին չի կարող բացահայտել:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նախորդ իշխանությունների հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից փաստաթղթեր են ոչնչացվել, որոնք հիմնականում վերաբերել են մարտի 1-ին և ընդգրկել փաստերի ու անձանց լայն շրջանակ։ Այդ փաստաթղթերն անհետացել են մեկ տարի առաջ։

87
Ըստ թեմայի
Իշխանության ներսում պայքար է ընթանում. Փաշինյանը փորձում է «սառեցնել» իրավիճակը
Եթե պետք լինի, ԱԱԾ–ն ու ծառայության ղեկավարն էլ վեթինգի կենթարկվեն
Վանեցյանն Իոաննիսյանին խորհուրդ է տալիս, որ հանգիստ նստի տեղը
Հայաստանում կկառուցվի ԱԱԾ ծառայողների կրթական կենտրոն. Վանեցյանը փող ուզեց Ջանջուղազյանից