Գլխավոր դատախազություն

Քոչարյանի պաշտպանը «կես ճշմարտություններ» ասելու իրավունք է վերապահել իրեն. դատախազություն

150
Դատախազությունը պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի` ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի— Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի` այսօրվա ասուլիսի ընթացքում արված հայտարարությունները դատախազության լիազորությունները խեղաթյուրված ներկայացնելու դրսևորում է։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին որոշումը և նույն գործով վարույթը կասեցնելու և այն ՍԴ ուղարկելու որոշումը բողոքարկման ենթակա չէին. դատախազությունը ներկայացրել է բողոքներ, որոնցով դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից։

«Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հարգելի պաշտպանն այդպես էլ չի բացատրել, որ եթե իրենք չեն պնդում, որ դատախազությունը բողոքները ներկայացնելով խախտում է քրեադատավարական օրենքը, ապա ինչու և ինչ տրամաբանությամբ է դատախազությունը զրկված Վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքից: Ալումյանի մեջբերած` ՀՀ քրեական դատավարության 53-րդ հոդվածը դատախազի՝ մինչդատական վարույթում ունեցած լիազորությունների մասին է, այսինքն` ներկայիս փուլին բացարձակապես վերաբերելի չէ»,–հայտնում է դատախազությունը։

Իսկ 54-րդ հոդվածի (որը վերաբերում է քրեական գործը կամ նյութը դատարանում քննելիս դատախազության լիազորություններին) 11-րդ կետով հստակ սահմանվում է, որ դատախազը կարող է բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև դատարանի այլ որոշումներ:

Ըստ դատախազության` այն պարագայում, երբ հարգելի պաշտպանն ասուլիսի ընթացքում ինքն է համեստորեն «մոռանում» այս իրավակարգավորման վերաբերյալ ևս նշել, իրեն իրավունք է վերապահել «կես ճշմարտություններ» ասելու կամ քմահաճույքներով առաջնորդվելու մեջ մեղադրել մեղադրական կողմին:

ՀՀ դատախազությունը շարունակում է պնդել, որ անթույլատրելի է պետության, հասարակության համար կարևորագույն այս քրեական գործի շուրջ տեղի ունեցող գործընթացներն իրավական հունից հանելու, զգայական, քաղաքական կամ որևէ այլ դաշտում մանիպուլյացիայի և շահարկումների առարկա դարձնելու պրակտիկայի ամրապնդումը:

«Ուստի կրկին դիմում ենք պաշտպանության կողմին՝ զերծ մնալ դատավարությունից դուրս այս ամենն անընդունելի կերպով պաշտպանական մարտավարության հիմնական ուղենիշը դարձնելու գործելաոճից։ Ինչպես նաև զերծ մնալ դատարանի կողմից դեռևս բողոքներն անգամ վարույթ չընդունած լինելու պայմաններում դատավորի նկատմամբ բարոյական, հոգեբանական ու տեղեկատվական ճնշումներ գործադրելուց»,–հայտնում են դատախազությունից։

Հիշեցնենք` այսօր Ալումյանն ասել էր նաև, որ չափազանց մտահոգիչ է այն փաստը, որ դատախազության ներկայացրած երկու բողոքներն էլ մակագրվել են միևնույն դատավորին` Արմեն Դանիելյանին, որն ամենացածր վարկանիշն ունի։ Նա հայտնել էր նաև, որ իրենք երկուշաբթի կդիմեն Վերաքննիչ դատարան և կպահանջեն տեղեկություն տրամադրել, թե ինչպես է ստացվել, որ երկու գործն էլ նույն դատավորին է մակագրվել։

Ի դեպ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին», ՍԴ–ում գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։

Մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան:

Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով` Արցախի գործող ու նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ։

150
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (331)
Ըստ թեմայի
Ինչպես են Ռոբերտ Քոչարյանին դիմավորել թոռնիկները. լուսանկար և տեսանյութ
Երևանի կենտրոնում բողոքի երթ են անցկացնում ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման. լուսանկարներ
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը կազատվե՞ն մեղադրանքից. ՍԴ որոշման հնարավոր արդյունքը
«Ինձ ոչ մեկը չի աջակցել». Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին չի հանդիպել ու չի զանգել