ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Սևանում սիգի պաշարների մասին պաշտոնական տվյալներ այս տարի թերևս չենք ունենա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:
Բանն այն է, որ ՀՀ կառավարությունն այս տարի ձկան պաշարների ուսումնասիրության համար բավարար գումար չի հատկացրել։
«Մենք կունենանք այդ երկարամյա ուսումնասիրությունների խզում։ Եվ մյուս տարի, որքան էլ մենք ունենանք ավելի լավ սարքավորումներ, սխալն ավելի կմեծանա, քանի որ դա մոնիթորինգային հետազոտություն է, և պետք է ամեն տարի ուսումնասիրություն իրականացվի»,– ասաց Գաբրիելյանը։
Բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, որ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ուսումնասիրությունների տվյալները վստահելի չեն, և որ այս տարվա համար պետք է մրցույթ անցկացվի, քանի որ նախկինում այդ աշխատանքը մշտապես պատվիրվում էր կենտրոնին։
«Ստացվում է, որ շուկաներում խոսացածը կամ ձկնորսների տվյալներն ավելի վստահելի են, քան պաշտոնական խորհրդատուի գիտականորեն հիմնավորվածը»,– ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ գիտական կենտրոնը բնապահպանության նախարարությանը հրավիրում է բաց, հրապարակային քննարկման, թե ինչու իրենց տվյալները նախարարության համար վստահելի չեն։
Գաբրիելյանը նշեց, որ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը ռուսական կողմի ժամանակակից տեխնիկայով Սևանում համատեղ ուսումնասիրություններ անցկացնելու նախնական պայմանավորվածություն ունի ՌԴ գործընկերների հետ։ Բայց ինչպես շեշտեց Գաբրիելյանը, ստացված տվյալներն այդ դեպքում պաշտոնական չեն լինի։
Հարցին, թե ինչի արդյունք է բնապահպանության նախարարության վերոհիշյալ որոշումը, Գաբրիելյանը պատասխանեց. «Սա թերևս արդյունք է նրա, որ ոչ մասնագետ մարդիկ, որոնցից ոմանք նույնիսկ անձնական շահագրգռություն ունեն ու նրանց ձեռնտու չէ, որ մենք գնահատենք ճիշտ քանակները, երևի նախարարության ղեկավարությանը սխալ ինֆորմացիաներ են տալիս։ Նրանք էլ ավելի շատ իրենց են հավատում, քան մեզ»։
ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տվյալներով` Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարն այս պահին 3000 տոննա է, որից 740–ը թույլատրվում է որսալ արդյունագործական նպատակով։ Այդ 740 տոննան հասուն ձկներն են, մնացածը` մանրաձուկը։
Բայց այսօր իրականացվող անկառավարելի որսի ու անթույլատրելի որսի պարագաների կիրառության պատճառով հասուն ձկներից բացի նաև մեծ քանակությամբ մանրաձուկ է որսվում` խաթարելով նոր սերնդի վերարտադրությունը։
Իսկ մանր ձկները Սևանի ափին վաճառվում են 40-50 դրամով։
Գաբրիելյանի խոսքով` արդյունագործական որսի թույլտվություն կարելի է տալ միայն այն ժամանակ, երբ լճում արդյունագործական պաշարը ներկայիս 740 տոննայի փոխարեն հասնի առնվազն 1000–ի։
Ի դեպ, մասնագետների ահազանգը վերաբերում է ոչ միայն սիգին, այլև խեցգետնին, որի պաշարներն արդեն երկու անգամ կրճատվել են։ Այս պարագայում նույնպես պատճառը անվերահսկելի որսն ու անթույլատրելի որսագործիքներն են։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է մամուլում ու սոցցանցերում մեծ աղմուկ հանած ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևացող դիպուկահարների թեմային։
Նա նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ:
Տեղեկացվում է, որ պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:
«ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում»,–գրել է Նա:
ՄԻՊ–ը նշել է, որ պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ:
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Նշենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնացել էր ԱԺ։ Նրա այցելությունից առաջ ՀՀ ոստիկանական ուժերն ԱԺ–ի տարածքում խիստ ավելացել էին, իսկ ԱԺ պատուհաններից լրագրողները նկատել էին զինված դիպուկահարների։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Անթույլատրելի է ուժի սպառնալիք ցուցադրելը, քանի որ Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարներ են։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` անդրադառնալով ԱԺ բակում նռնակների առկայությանը և պատուհաններից դիպուկահարների երևալուն։
«Հանրային ճնշումն ավելացնելու ենք, սակայն օրենքի շրջանակում ենք մնալու»,–ասաց Վանեցյանը։
Նշենք` ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել, թե տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։
Խոսելով այդ հայտարարության մասին` Վանեցյանը նշեց` կա՛մ ոստիկանությունը կեղծ ահազանգ է ստացել, կա՛մ էլ գուցե ոստիկանությունն որոշել է ուժ կիրառել, ինչի համար էլ հիմքեր է ստեղծում։
Վանեցյանը վստահեցնում է, որ իրենք սադրանքներ իրականացնելու քաղաքականություն չեն որդեգրել։
Ավելի վաղ Sputnik Արմենիան ֆիքսել էր, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը կառավարության շենքից շարժվում դեպի Ազգային ժողով, որի բակում ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրել։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Այն բանից հետո, երբ այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ վարչապետը հրաժարվում էր պատասխանել պատգամավորների` իրեն ուղղված հարցերին ու նրա փոխարեն պարբերաբար ամբիոնին էր մոտենում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը որոշեց այնպիսի հարց տալ, որին բացի Փաշինյանից ուրիշ ոչ ոք չէր կարող պատասխանել։
«Պարոն Փաշինյան, ո՞նց եք»,– Փաշինյանին հարց ուղղեց Գորգիսյանը։
Բայց անգամ այս հարցին վարչապետը չցանկացավ պտասխանել։ Փոխարենը պատգամավորին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ասելով. «Առաջարկում եմ` այդ հարցը գրավոր ուղարկեք»։
Գորգիսյանը պնդեց. «Թույլ տվեք, թող կառավարությունը պատասխանի, պարո՛ն Սիմոնյան»։
ԱԺ փոխնախագահն ու կառավարության անդամներն, այնուամենայնիվ, մնացին անդրդվելի։
Փոխարենը Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հերթագրված 29 պատգամավորներից միայն վերջինի` անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։
Փաշինյանը վերջապես խոսեց. նա ընդդիմության ղեկավարներին հրավերներ է ուղարկել


