Սևան

Սևանա լիճն այս տարի էլ կծաղկի. ջրի մակարդակի բարձրացումը կարևոր է, բայց ոչ բավարար

299
(Թարմացված է 15:32 22.05.2019)
Կառավարությունը հայտարարում է Սևանում ջրի մակարդակի բարձրացման ու առատ տեղումների մասին։ Բնապահպանները չեն բացառում, որ Սևանն այս տարի էլ է «կանաչելու»։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Սևանա լիճն, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամռանը ևս կծաղկի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության 7 հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

«Դա տեղի է ունենում երկու հիմնական գործոնի առկայության դեպքում` ջերմային ֆոնի բարձրացման, ինչը տեղի ունեցավ անցյալ տարի ու այս տարի ևս ունենք, և կենսածին տարրերի` ֆոսֆորի ու ազոտի ավելացման։ Իսկ ափերի չմաքրելն ու ջրի մակարդակի իջեցումը բերում է նրան, որ դրանց կոնցենտրացիան լճում ավելանում է»,– ասաց Գաբրիելյանը։

Նա ավելացրեց, որ անցյալ տարի ջրի ծաղկումը հենց այս պրոցեսների արդյունք էր, և բացառված չէ, որ այս տարի ևս տեղի ունենա։

«Թե ինչ մակարդակով, հիմա դժվար է ասել, բայց որ դա միջին մակարդակից բարձր կլինի, ակնհայտ է։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, հուլիսին դարձյալ ծաղկում տեղի կունենա»,–ասաց նա։

Ինչ վերաբերվում է այս տարվա տեղումների առատությանն ու դրա արդյունքում Սևանա լճի մակարդակի բարձրացմանը, Բարդուղ Գաբրիելյանը նշեց, որ դա կարևոր, բայց բավարար պայման չէ ջրի ծաղկումը կանխելու համար։ Շատ ավելի կարևոր է օրգանական նյութերի մուտքը կանխելը։

«Իսկ մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այս տարի այդ տարրերի ներմուտքը շարունակվում է, և բավական բարձր կոնցենտրացիաներ ունենք, ինչը պետք է որ բերի այդ անցանկալի հետևանքին»,– ասաց նա։

Հիշեցնենք` Սևանի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարությունն այս տարի հատկացրել է 117 մլն 62 հազար դրամ, ինչը, մասնագետների համոզմամբ, բավարար չէ։ Բացի այդ, այդ աշխատանքները դեռ չեն մեկնարկել։

Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ մինչև հուլիս 1-ը Սևանի մակարդակը կբարձրանա 45 սմ–ով, քանի որ այն բարձրանում է երկու օրում 1 սմ։

Չեղած տեղը խեցգետինն էլ է ձուկ. երբ Սևանի ձկնորսներն անհարգալից ժեստը «վերածեցին» դոլարի

299
թեգերը:
Սևան, Հայաստան
Ըստ թեմայի
Տարին ջրառատ է. Սևանա լճի մակարդակը 45 սմ-ով կբարձրանա
Սևանի պահպանությամբ նոր պաշտոնյաները կզբաղվեն
Սևանում ջրի մակարդակը սկսում է բարձրանալ, բայց շատ մի ուրախացեք` առջևում 2030 թվականն է
Դիպուկահարները ՀՀ ԱԺ–ում

ՄԻՊ-ը քննադատել է ԱԺ պատուհաններից հրազենի և դիպուկահարների ցուցադրությունը

12
(Թարմացված է 18:32 03.03.2021)
ՄԻՊ–ը նշել է, որ պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է մամուլում ու սոցցանցերում մեծ աղմուկ հանած ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևացող դիպուկահարների թեմային։

Նա նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ:

Տեղեկացվում է, որ պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:

«ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում»,–գրել է Նա:

ՄԻՊ–ը նշել է, որ պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ:

«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին

Նշենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնացել էր ԱԺ։ Նրա այցելությունից առաջ ՀՀ ոստիկանական ուժերն ԱԺ–ի տարածքում խիստ ավելացել էին, իսկ ԱԺ պատուհաններից լրագրողները նկատել էին զինված դիպուկահարների։

12
թեգերը:
ԱԺ, Նիկոլ Փաշինյան, Զենք, դիպուկահար, հանրահավաք, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ
Արթուր Վանեցյան, արխիվային լուսանկար

«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին

18
(Թարմացված է 18:30 03.03.2021)
Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ իրենք սադրանքներ իրականացնելու քաղաքականություն չեն որդեգրել։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Անթույլատրելի է ուժի սպառնալիք ցուցադրելը, քանի որ Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարներ են։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` անդրադառնալով ԱԺ բակում նռնակների առկայությանը և պատուհաններից դիպուկահարների երևալուն։

«Հանրային ճնշումն ավելացնելու ենք, սակայն օրենքի շրջանակում ենք մնալու»,–ասաց Վանեցյանը։

Նշենք` ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել, թե տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։

Խոսելով այդ հայտարարության մասին` Վանեցյանը նշեց` կա՛մ ոստիկանությունը կեղծ ահազանգ է ստացել, կա՛մ էլ գուցե ոստիկանությունն որոշել է ուժ կիրառել, ինչի համար էլ հիմքեր է ստեղծում։

Վանեցյանը վստահեցնում է, որ իրենք սադրանքներ իրականացնելու քաղաքականություն չեն որդեգրել։

Ավելի վաղ Sputnik Արմենիան ֆիքսել էր, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը կառավարության շենքից շարժվում դեպի Ազգային ժողով, որի բակում ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրել։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

18
թեգերը:
Ոստիկանություն, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց
Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան
Բացի ՍԴ դիմելուց, նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. Արծվիկ Մինասյան

Պարոն Փաշինյան, ո՞նց եք. ընդդիմադիր պատգամավորը որոշեց խոսեցնել վարչապետին

0
Պատգամավորին արձագանքեց ԱԽ փոխնխագահ Ալեն Սիմոնյանը` առաջարկելով այդ հարցը գրավոր ուղարկել։

Այն բանից հետո, երբ այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ վարչապետը հրաժարվում էր պատասխանել պատգամավորների` իրեն ուղղված հարցերին ու նրա փոխարեն պարբերաբար ամբիոնին էր մոտենում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը որոշեց այնպիսի հարց տալ, որին բացի Փաշինյանից ուրիշ ոչ ոք չէր կարող պատասխանել։

«Պարոն Փաշինյան, ո՞նց եք»,– Փաշինյանին հարց ուղղեց Գորգիսյանը։

Բայց անգամ այս հարցին վարչապետը չցանկացավ պտասխանել։ Փոխարենը պատգամավորին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ասելով. «Առաջարկում եմ` այդ հարցը գրավոր ուղարկեք»։

Գորգիսյանը պնդեց. «Թույլ տվեք, թող կառավարությունը պատասխանի, պարո՛ն Սիմոնյան»։

ԱԺ փոխնախագահն ու կառավարության անդամներն, այնուամենայնիվ, մնացին անդրդվելի։

Փոխարենը Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հերթագրված 29 պատգամավորներից միայն վերջինի` անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։

0
թեգերը:
տեսանյութ, ԱԺ, Գևորգ Գորգիսյան, Ալեն Սիմոնյան, Վարչապետ