Ռոբերտ Քոչարյան

«Արցախի ՊԲ-ից նույնիսկ մեկ մարդ չի բերվել Հայաստան». Քոչարյանը ելույթ ունեցավ դատարանում

184
Ռոբերտ Քոչարյանը մեղադրանքի կողմին առաջարկում է քրեական գործի նյութերից հանել Ղարաբաղի բանակին վերաբերող դրվագը` այլապես ինքը ստիպված կլինի այդ «զգայուն» հարցի շուրջ իր տեսակետը ներկայացնել։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում հայտարարեց, որ երբ իրեն Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել, ինքը չի հասկացել, թե ինչի համար է մեղադրվում։

«Երբ ես ասացի, որ չեմ հասկանում, թե ինչի մեջ եք ինձ մեղադրում, հասկացա մի բան, որ քննիչն էլ չի հասկանում։ Ասում եմ` ինչո՞վ է արտահայտվել սահմանադրական կարգի տապալումը, կարո՞ղ եք ասել։ Երկու հարցից հետո ես հասկացա, որ անիմաստ է խոսել, ասացինք` մենք գնանք, գրավոր կերպով կներկայացնեք»,– ասաց Քոչարյանը։

Նա նաև մեկ մեջբերում արեց մեղադրական եզրակացությունից, որի համաձայն 2008թ.–ին Արցախից Երևան է տեղափոխվել շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից ու սպաներից կազմված զորախումբ։

«Նշված զինծառայողների մի մասը տեղակայվել են կառավարության մասնաշենքի նկուղային տարածքում, իսկ մյուս մասը` կենտրոնական հավաքակայանում»,– մեջբերեց Քոչարյանը` նշելով, որ այս դրվագը քրեական գործում ներկայացված է որպես «այդ ուժերի ապօրինի ներգրավում»։

Այս հատվածն ընթերցելուց հետո Քոչարյանը դատարանում հարց ուղղեց դատախազներին. «Սրա վերաբերյալ ես տա՞մ իմ պարզաբանումները, թե դուք հենց հիմա պատրաստ եք հրաժարվել այդ հատվածից»։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հիշեցրեց, որ դատավարության այս փուլում կողմերը միմյանց հարցեր ուղղելու իրավունք չունեն։ Ինչին ի պատասխան Քոչարյանը նշեց, որ բոլոր նախորդ դռնփակ նիստերում ինքը մեղադրանքի կողմին զգուշացրել է ու հորդորել` «նման բաներ մի գրեք»։

«Այստեղ մի զգայուն հանգամանք կա` կապված մեր բանակի, ու Ղարաբաղի պաշտպանության բանակի հարաբերությունների հետ։ Եթե իրենք հրաժարվում են այս դրվագից, ես պարզաբանումներ չտամ»,– ասաց Քոչարյանը։

Այստեղ խոսակցությանը միջամտեց մեղադրող դատախազ, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը` նշելով, որ չի պատկերացնում, թե ինչ պարզաբանումներ է պատրաստվում ներկայացնել ամբաստանյալը։ «Իսկ ուզում եք ասել, թե ոչ`ձեր դիրքորոշումն է»,– նշեց դատախազը։ Ռոբերտ Քոչարյանը խոստացած պարզաբանումը ներկայացրեց միայն մեկ նախադասությամբ. «Արցախի Պաշտպանության բանակից նույնիսկ մեկ մարդ չի բերվել Հայաստան»։

Քրեական գործի դատաքննությունը շարունակվում է, դատարանում սպասում է Արցախի նախագահներին։

184
թեգերը:
Արցախ, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (331)
Ըստ թեմայի
Անձնական երաշխավորի առումով օրենքի մեջ սահմանափակում չկա. Քոչարյանի փաստաբան
Կա տեսանյութ, որտեղ երևում է` ոստիկանների ուղղությամբ նռնակ են նետում. Քոչարյանի պաշտպան
ԼՂՀ նախագահների քայլը Հայաստանի և Արցախի մոտեցում է, ոչ թե հակառակը. Քոչարյանի փաստաբան