Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը

Հնարավոր է` Քոչարյանի երաշխավորագիրը Սահակյանը քննարկել է Փաշինյանի հետ. փորձագետ

253
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Արցախի երկու նախագահների` Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորությունը շատ հետաքրքիր քաղաքական երանգ է հաղորդում գործին։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Արցախի գործող և նախկին նախագահների միջամտությունը Քոչարյանի դատական գործընթացին կարող է օպտիմալ լուծում դառնալ, որը կբավարարի բոլորին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Հայտնի է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նրան նախորդող նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր պետք է դատարան գան` Հայաստանի երկրորդ նախագահին ազատ արձակելու նպատակով անհատական երաշխավորություն ներկայացնելու համար։

Հակոբյանի կարծիքով` երկու առաջնորդների մասնակցությունը «շատ հետաքրքիր» քաղաքական երանգ կտա իրավիճակին։ Դժվար է ասել` ինչպես կարձագանքի Հայաստանի իշխանությունը Արցախի ղեկավարության նման նախաձեռնությանը, մյուս կողմից էլ` չի բացառվում, որ Սահակյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Քոչարյանի վերաբերյալ որոշ պայմանավորվածություններ կան։

«Չեմ հավատում, որ Քոչարյանին ազատ արձակելու համար երաշխավորությունը ներկայացնելու որոշումն Արցախի նախագահն ընդունել է առանց Փաշինյանի հետ քննարկելու», – ասաց փորձագետը։

Նրա խոսքով`հիմա Փաշինյանի համար իրավիճակը բավականին բարդ է։ Քոչարյանի գործով դրսից ճնշում գործադրելու որոշ նշաններ կան, իսկ երկրի ներսում վերջին տարվա ընթացքում հետզհետե ավելացվում էր Քոչարյանի հանդեպ թշնամության աստիճանը։ Այս պայմաններում արցախյան իշխանության միջամտությունն ու Քոչարյանի ազատ արձակումը «մարդասիրական նկատառումներից ելնելով» կարող է փոխզիջում լինել, որը թույլ կտա Հայաստանի իշխանությանը պահպանել դեմքը։

«Քոչարյանին ազատ արձակելը անխուսափելիորեն դժգոհության ալիք կբարձրացնի Փաշինյանի կողմնակիցների շարքում։ Բայց փորձը ցույց է տալիս, որ վարչապետը կարողանում է ցանկացած նման իրավիճակ հարթել, այդ թվում` մեկ–երկու «լայվերի» օգնությամբ։ Փաշինյանը նախկինի պես հանրության շրջանում բարձր վարկանիշ ունի։ Նա կարող է օգտագործվել այդ վարկանիշը Քոչարյանին ազատ արձակելու պատճառը մարդկանց բացատրելու համար», – ասում է Հակոբյանը։

Բայց այս ամենը դեռ ենթադրություններ են, քանի որ Սահակյանն ու Փաշինյանը չեն հանդիպել, վերջինս դեռ չի վերադարձել Պեկինից։ Քաղտեխնոլոգը կարծում է, որ այսօր երեկոյան նրանք կհանդիպեն։ Հանդիպման ժամանակ նրանք կկարողանան քննարկել իրավիճակի հետագա զարգացումների սցենարները։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Նրանք երաշխավորում են, որ ազատ արձակվելու դեպքում Քոչարյանը պատշաճ վարք կդրսևորի, չի խանգարի քննությանն ու Քրեական օրենսգրքով արգելված գործողություններ չի անի։

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պետք է ներկայանան դատարան, իրենց մոտեցումը վերահաստատեն։ Այդ է պահանջում Քրեական դատավարության օրենսգիրքը, բացի այդ, դատարանը պետք է երաշխավորողին պարզաբանի իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ նրան նախազգուշացնի հետևանքների մասին, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի։

253
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (217)
Ըստ թեմայի
Քոչարյանի մեղադրանքում հիշատակված են իր ու Սերժ Սարգսյանի մերձավոր անձինք իրենց թիկնազորով
Մենք այն բացն ենք լրացնում, որը թույլ են տվել քննչական մարմինները. Ռոբերտ Քոչարյան
Անձնական երաշխավորի առումով օրենքի մեջ սահմանափակում չկա. Քոչարյանի փաստաբան