Ռոբերտ Քոչարյան. արխիվային լուսանկար

Արցախի նախագահները կներկայանան դատարան

295
Քոչարյանին կալանքից ազատելու հարցով երաշխավորություն ներկայացրած Արցախի նախկին ու ներկա նախագահները դատարանից խնդրել են իրենց ժամանակ տալ Արցախից Երևան գալու։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ու գործող նախագահ Բակո Սահակյանը կներկայանան դատարան։ Այսօր Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նա խնդրեց ժամանակ տալ, Արցախի նախագահներին՝ դատարան ներկայանալու ուրբաթ օրը` մայիսի 17-ին, օրվա երկրորդ կեսին։

«Կխնդրեի դատարանը դիտարկեր նաև նախագահների մասնակցության հնարավորությունը տեսակապի միջոցով` հաշվի առնելով նրանց կարգավիճակը, իրավունքների ու պարտականությունների կատարման առումով»,– ասաց փաստաբանը։

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը նշեց, որ օրենքը նախատեսում է, որ անձը պետք է դատարանում ներկա լինի և զգուշացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկարացված կալանքի ժամկետը լրանում է կիրակի օրը։

«Իսկ շաբաթ և կիրակի օրերին դատական նիստի կազմակերպումը քիչ հավանական է։ Չեմ բացառում, բայց հնարավոր է, որ անհնար լինի այդ օրերին պարոն Քոչարյանի դատական նիստին մասնակցությունն ապահովելը։ Կճշտենք, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ դատարանը պետք է նաև ժամանակ ունենա դատական ակտի կայացման համար»,– ասաց դատավորը։

Դավիթ Գրիգորյանն առաջարկեց, որ Արցախի նախագահները հնարավորության դեպքում դատարան ներկայանան ամենաուշը հինգշաբթի օրը` մայիսի 16-ին։

Հիշեցնենք` մայիսի 14-ին ԼՂՀ նախկին եւ ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ` գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

295
թեգերը:
Բակո Սահակյան, Ռոբերտ Քոչարյան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (304)
Ըստ թեմայի
Դատախազությունը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանի գործը քննել դռնփակ. փաստաբան
Սերժ Սարգսյանի և Փաշինյանի խորհրդականի ցուցմունքից հատվածներ հրապարակվեց. Մարտի 1–ի գործը