ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախում. արխիվային լուսանկար

Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը կգա՞ն Քոչարյանի դատին

278
(Թարմացված է 16:15 14.05.2019)
Արցախի նախկին ու ներկա նախագահների երաշխավորությունը քննարկելու համար պարտադիր պայման է նրանց դատարան ներկայանալը։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել դատարան` Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանն ընթերցեց Արցախի նախագահների ներկայացրած երաշխավորագրի տեքստը, որում, մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով Արցախի հանրապետության առաջին ու ՀՀ երկրորդ նախագահի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում, նրա հսկայական ավանդը արցախյան պատերազմի և հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց դադարեցնելու դեպքում նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով նախատեսված արարք»։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը նշեց․«Եթե ուզում եք երաշխավորությունը քննվի, պետք է նրանց ներկայությունն ապահովվի»։

Պաշտպանական կողմը խոստացավ առաջիկայում այդ հարցը քննարկել Արցախի նախագահների հետ ու համաձայնեցնել նրանց դատարան ներկայանալու հարցը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան– Նոր Նորքի նստավայրում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործով դատավարությունը մեկնարկել էր մայիսի 13-ին։

Դատական նիստում այսօր քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալ– չմնալու հարցը` կապված նախաքննության ավարտի ու դատաքննության մեկնարկի հետ։

Հիշեցնենք, որ մինչև դատավարության մեկնարկն Արցախի նախագահները նույն խնդրանք–նամակով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

278
թեգերը:
Հայաստան, Արցախ, Բակո Սահակյան, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (312)
Ըստ թեմայի
Երկրորդ անգամ առանց հեղինակի․ Երևանում կայացավ Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսը
Մարտի 1-ի գործով դատական նիստը մեկնարկեց. Քոչարյանի որդին ներկա է հոր դատին
Ռոբերտ Քոչարյանի դատից հետո ոստիկանություն բերման ենթարկվածներն ազատ են արձակվել