Ձերբակալում

Կաշառք ստանալու պահին ԱԱԾ-ն պաշտոնատար անձի է ձերբակալել

269
Պաշտոնյան մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առևտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը:

Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական նպատակներով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առևտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար, որի մի մասը՝ 2019 թվականի ապրիլին, մյուս մասը՝ մայիսի 7-ին:

Կաշառքի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, գումարի երկրորդ մասը ստանալու պահին կաշառք տվողն ու ստացողը բռնվել և բերման են ենթարկվել:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Կաշառքի գումարը ստացած անձը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

269
թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
Ըստ թեմայի
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը կալանավորվել է. ՀՔԾ–ն մանրամասներ է հայտնում
Կաշառք ստանալու պահին բռնվել է Կոտայքի բաժնի քրեական հետախուզության օպերլիազորը. ԱԱԾ