Զինծառայողներ

Բանակում շատ բան չի փոխվել, բայց մի բան ակնհայտ է. Մարուքյանը` բանակի մասին

165
Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այս կամ այն մարդուն պետական պաշտոնի նշանակելիս պետք է հաշվի առնեն նրա ծառայած–չծառայած լինելը։ Նախորդ իշխանությունների օրոք այդ փաստը, ըստ նրա, հաշվի չեն առել, հիմա էլ հաշվի չեն առնում։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ բանակի ներքին կառուցվածքում շատ մեծ փոփոխություններ դեռ տեղի չեն ունեցել։ Այսօր «Հաղթանակի զբոսայգում» կազմակերպված միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մարուքյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ նախկին իշխանությունների օրոք Մարուքյանը հայտարարել էր, թե մեր բանակը գյուղացիաբանվորական է, և հիմա շա՞տ բան է փոխվել` նա պատասխանեց` ոչ, այդ առումով որևէ բան չի փոխվել։

«Դա համակարգային փոփոխության հետևանք պետք է լինի, և դեռ վաղ է այդ մասին խոսել։ Սակայն այն, որ այս օրերին դժվար է փողով կամ այլ կերպ բանակից ազատվել, դրանում վստահ եմ։ Մյուս կողմից, կարծում եմ, որ պետական պաշտոններին այս կամ այն մարդուն նշանակելիս պետք է հաշվի առնել նրանց ծառայած–չծառայած լինելը։ Նախորդ իշխանությունների օրոք այդ փաստը հաշվի չի առնվել, հիմա էլ հաշվի չեն առնում»,–ասաց պատգամավորը` ավելացնելով, որ եթե իրենք գան իշխանության, անպայման հաշվի կառնեն դա։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բանակում չպետք է լինի զինվոր, որ «մայկա–տրուսիկ» չունենա` Մարուքյանը նշեց, որ վարչապետը երևի փոխաբերական իմաստով է դա ասել։ Նրա խոսքով` ինքը չի հիշում այնպիսի ժամանակաշրջան, որ մեր զինվորը «մայկա–տրուսիկ» չի ունեցել։

ԱԺ պատգամավորը խոսեց նաև ապրիլյան պատերազմի մասին` ասելով, որ այդ օրերին հայտարարություններ եղան, որ գումարներ են մսխվել, զենքեր չեն եղել, սակայն դրանից հետո հետևողական չեն եղել։

«Հայտարարություններ են արել, բայց անհետևանք։ Կարծում եմ` կա՛մ չպիտի նման հայտարարություն անեն, կա՛մ էլ պետք է զբաղվեն դրանով։ Բայց որ մարդիկ բանակի հաշվին միլիարդատերեր են դարձել, դա էլ կա»,–ասաց նա։

Մարուքյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ նկատելի է` բանակում եղած բացթողումները վերականգնելու առումով քաղաքական կամք կա։

165
Ըստ թեմայի
Դավիթ Տոնոյանն այցելել է սահմանագոտի, զրուցել զինծառայողների հետ. լուսանկարներ
Զոհված զինծառայողի մայրը տղա է ունեցել
Ռուսաստանը Հայոց բանակին է նվիրել 203 սառնարանային արկղ
Բանակում մարզական վաշտ կստեղծվի. Տոնոյանը հայտնեց` երբ կյանքի կկոչվի նախաձեռնությունը