Քննչական կոմիտե

Աբովյանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ է հարուցվել

95
Աբովյանում հողերի աճուրդների հարցը հասավ իրավապահներին։ Կոտայքի մարզպետի ներկայացրած փաստերով` Աբովյանի քաղաքապետարանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Աբովյանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Կոտայքի մարզպետարանից։

Քրեական գործը հարուցվել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքում կատարված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրված մի շարք իրավախախտումների փաստերով, որոնք Կոտայքի մարզպետը ս.թ ապրիլի 9-ին ներկայացրել էր մարզի դատախազին:

Քրեական գործը հարուցվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենք– շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չձեռնարկելու փաստերի առնչությամբ։ Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ 2019թ.–ի մարտին Sputnik Արմենիային տված հարցազրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր, որ մարզպետարանի կատարած բացահայտումների համաձայն` Աբովյանի քաղաքապետարանի կազմակերպած 67 աճուրդներից 5–ով վաճառված հողատարածքներով կոմունիկացիաներ են անցնելիս եղել և հողային օրենսգրքով դրանց օտարումն արգելված է։ 17 աճուրդ էլ չի կայացել, քանի որ հայտ ներկայացրած գնորդներն աճուրդի չեն ներկայացել, թեև նախապես ներկայացրած են եղել հողատարածքների կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով հայտեր։ Մարզպետն այստեղ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։

Մարզպետի բարձրաձայնած խնդիրների շուրջ Sputnik Արմենիային պարզաբանումներ էր ներկայացրել նաև Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը` պնդելով, որ աճուրդներն իրականացվել են օրենքի տառին համապատասխան։ Աճուրդի հանված 67 լոտերից 58-ը, քաղաքապետի խոսքով, բնակելի կառուցապատման հողեր են եղել։

95
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան