Ուսանողներ

Սեպտեմբերից ուսման վարձ վճարելն ավելի հեշտ կլինի. «Իմ քայլն» օրինագիծ ունի

226
(Թարմացված է 12:17 06.05.2019)
Եթե ուսանողն աշխատում է և աշխատում է ոչ թե ստվերում, այլ գրանցված է, նա կկարողանա ուսման վարձը փոխանցել աշխատավարձից վճարվող եկամտահարկից։ Եթե ամեն ինչ ընթանա հեղինակների հաշվարկով, նոր օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. 2019թ.–ի սեպտեմբերի 20-ից ուսանողները հնարավորություն կստանան իրենց ուսման դիմաց վճարել եկամտահարկից փոխանցումներ անելով։ Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած օրինագիծն արդեն ներկայացվել է կառավարությանը։ Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ասաց նախագծի համահեղինակ, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` հավելելով, որ մինչև մայիսի 20-ը նախագիծ նախատեսվում է քննարկել կառավարության նիստում, հունիսին այն կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։ Իսկ սեպտեմբերի 1-ից կսկսի գործել։

«Հեծանիվ չենք հորինել։ Շատ երկրներում կա այդ իրավական կարգավորումը։ Բայց այդ երկրներում ուսանողներն ընդհանրապես ազատվում են եկամտահարկից, իսկ մեր պարագայում եկամտահարկն ուղղվելու է կոնկրետ նպատակի»,– ասաց Գաբրիելյանը։

Օրենքի հեղինակների համոզմամբ` այս օրենքը կնպաստի, որ թաքնված աշխատատեղերը դուրս գան ստվերից, քանի որ ուսանողներն այս դեպքում արդեն շահագրգռված կլինեն գրանցվելու որպես աշխատող։

Օրենքի հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը ևս ներկա էր ասուլիսին, ընդգծեց, որ նախաձեռնությունը, թեև նպաստելու է հարկային մուտքերի ավելացմանը, բայց դա հեղինակների հիմնական նպատակը չէ։

«Մեր գերնպատակն ուսանողներին, բուհն ու աշխատաշուկան իրար կապելն է և հնարավորինս այնպես անելը, որ տեսական ու գործնական գիտելիքներն իրեր հետ կապված լինեն։ Այս փուլում նպատակ ունենք աջակցել ուսանողին սեփական կրթության դիմաց վճարելու հարցում, բայց առաջիկայում առաջնահերթ կխրախուսենք հատկապես մասնագիտական աշխատանքը, որովհետև այսօր հաճախ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ գերազանց բուհն ավարտածը գնում է աշխատանքի, ու պարզվում է, որ մեծ բաց կա պրակտիկ գիտելիքների մասով»,– ասաց Մակունցը։

Օրենքը նախատեսվում է կիրառության մեջ դնել փուլային տարբերակով։ Սկզբնական փուլում այն կկիրառվի միայն մագիստրատուրայի և բակալավրիատի ավարտական կուրսի դեպքում։ Փորձնական փուլից հետո ընթացս որոշակի շտկումներ կարվեն օրենքի հետագա կիրառման գործընթացքում։

Հարցին, թե ուսանողության որ տոկոսը կկարողանա օգտվել ուսման վարձի վճարման այս եղանակից, պատգամավորները դժվարացան պատասխանել, քանի որ կրթությունն աշխատանքի հետ համատեղող ուսանողների վիճակագրություն պաշտոնապես չի տարվում։ Վերջին նման ուսումնասիրությունն արվել է 2015-16թթ–ին։ Դրա համաձայն` ուսմանը զուգահեռ աշխատում է ուսանողների միայն 1-2 տոկոսը։ Չկա նաև աշխատավարձի չափի մասին ուսումնասիրություն։ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ գրանցված աշխատողների դեպքում այս տվյալներին կարող են տիրապետել միայն հարկային մարմինները։

226
թեգերը:
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), ՀՀ Ազգային ժողով, «Իմ քայլը» դաշինք, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ պատգամավորները թույլ կտան ուսանողներին ուսման վարձը վճարել ամիս առ ամիս
Աշխատող ուսանողները կկարողանան ուսման վարձը վճարել իրենց եկամտահարկից