Գառնի

Գառնու տաճարում էլեկտրոնային երաժշտության փառատոն կկազմակերպվի

145
Աշխարհում հայտնի փառատոնին ներկա լինելու համար զբոսաշրջիկների մեծ խմբեր կգան Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Մայիսի 6-ին Հայաստանում`«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, կանցկացվի էլեկտրոնային երաժշտության փառատոն։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։

Նա նշեց, որ փառատոնը սոցիալական կայքերում ուղիղ եթերով կհեռարձակի ֆրանսիական «Cercle» մեդիա կազմակերպությունը, ինչը, Տիգրան Գալստյանի խոսքով, կապահովի 10-30 մլն առցանց դիտում։

«Այս փառատոնի անցկացման հիմնական նպատակն է հանրահռչակել Հայաստանն ու Գառնու հուշարձանը, խթանել զբոսաշրջությունը»,– ասաց փոխնախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ զբոսաշրջիկները Հայաստան կգան ոչ միայն փառատոնից հետո, այլև հենց փառատոնին մասնակցելու համար։

«Նրանք, ովքեր տեղեկացված են էլեկտրոնային երաժշտության բնագավառից, ասում են, որ սա այս ոլորտի ամենամեծ իրադարձությունն է։ Եվ մեծ հնարավորություն է աշխարհի ուշադրությունը կենտրոնացնելու Հայաստանի վրա։ Նաև ասում են, որ այս փառատոնի հետևից զբոսաշրջիկների մեծ խմբեր են ճամփորդում, որ գան ու մասնակցեն փառատոնին»,– ասաց վարչապետը։

Միջոցառումը կիրականացվի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի և «Triangulum Community» ընկերության համատեղ ջանքերով։

Փառատոնի անցկացման համար ՀՀ բյուջեից կհատկացվի 6 մլն դրամ։

145
Ըստ թեմայի
ՌԴ–ն օգնում է Հայաստանին զարգացնել գյուղական զբոսաշրջությունը. Արենիում բացվեց գաստրոբակ
Միջազգային ցուցադրություն Երևանում. Հայաստանը կարող է զբոսաշրջության կենտրոն դառնալ
«Երևանի գինու օրեր» միջոցառումը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը