Ճանապարհներ

Հաջորդ տարի կունենանք Հայաստանից Վրաստան գնացող բարձրորակ ճանապարհ. նախարարը խոստացավ

262
Դեպի Վրաստան ու Իրան ուղղություններով ճանապարհների նորոգման համար 15 միլիարդից ավելի գումար է տրամադրվել։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Այս տարի պետբյուջեով 78 կմ ճանապարհ կհիմնանորոգվի, բացի այդ ճանապարհների լրացուցիչ նորոգման ծրագրերով էլ աշխատանքներ կկատարվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Բացի այդ, ըստ նրա, միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն Երևան–Ապարան ճանապարհի, Ջերմուկի, Սևանի տարածքում։

«Երևանից դեպի Վրաստանի սահման պետք է ունենանք երկկողմանի բարձրորակ ճանապարհ։ Հարավային ուղղությամբ էլ` դեպի Մեղրի ընկած հատվածում կլինեն նորոգումներ։ Վերջին 5 տարիների համեմատ` այս տարի աննախադեպ քանակով ճանապարհաշինարարական աշխատանքներ ենք կատարելու` խոսքը 300 կիլոմետրից ավել ճանապարհի մասին է»,–ասաց նախարարը։

Նա նշեց նաև, որ իրենք ճանապարհաշինարարական աշխատանքների թվայնացման են գնում` առաջիկայում կլինի թվային քարտեզ, որտեղ հնարավոր կլինի տեսնել ճանապարհի որ հատվածը, ինչ ընկերության կողմից, որքան գումարով է կառուցվում։

Նրա խոսքով` նախարարությունը Հայաստանը տրանզիտ գոտի սարքելու ուղղությամբ քայլեր է իրականացնում և դեպի Վրաստան ու Իրան ուղղությամբ ճանապարհների նորոգման համար 15 մլրդից ավել գումար են տրամադրել։

Խոսելով Մ6 ճանապարհի (Վանաձոր–Ալավերդի–Վրաստան) կառուցման մասին` նախարարը նշեց, որ Վանաձորից Թումանյանի կայարան գնացող հատվածի շինարարությունն արդեն ավարտվել է, և մյուս տարի կունենանք Հայաստանից Վրաստան գնացող բարձր որակի ճանապարհ։

Հակոբ Արշակյանի խոսքով` Հյուսիս–հարավ ավտոճանապարհի հետ կապված էլ այս տարի պետք է ավարտեին Թալին–Լանջիկ, Լանջիկ–Գյումրի հատվածը, սակայն նախկինում որոշ ուշացումների պատճառով չեն կարողանալու այն ամբողջությամբ ավարտել։

Նախարարը հավաստիացրեց` Հյուսիս–հարավ ավտոճանապարհի կառուցման ավարտի վերջնաժամկետի հետ կապված այս պահին բանակցություններ են գնում։

262
թեգերը:
Հակոբ Արշակյան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Մարտակերտի շրջանի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում
Հայաստանը շանս է բաց թողնում. կարո՞ղ է արդյոք Հյուսիս–հարավը կապել Բաթումն ու Բենդեր Աբասը
Սերմացու գողացող մկան տրամաբանություն. նոր կառուցված Հյուսիս-Հարավն արդեն քանդվում է