Գևորգ Գրիգորյան

Սիրիայում ծնված ու մեծացած, Կանադայում ապրող հայ երիտասարդի խորհուրդն աշխարհի հայերին

508
(Թարմացված է 21:39 16.04.2019)
Սփյուռքահայ տղան երազում է Հայաստանում ապրելու մասին։ Նա խոստանում է` հնարավորն անել իր երազանքն իրագործելու համար։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հայաստանը նույնը չէ, ինչ 10 կամ 20 տարի առաջ էր, լրիվ փոխվել է, երկիրն առաջ  է գնում։ Այս կարծիքին է Դեպի Հայք» կամավորական ծրագրով արդեն մեկ ամիս Հայաստանում գտնվող սփյուռքահայ Գևորգ Գրիգորեանը։

Գևորգը ծնվել ու մեծացել է Սիրիայի Դամասկոս քաղաքում, սակայն պատերազմը սկսվելուց 2 տարի անց` 2013–ին, ընտանիքի հետ տեղափոխվել է Լիբանան: Լիբանանում միայն մեկ տարի մնալուց հետո, ընտանիքը կրկին տեղափոխվում է, այս անգամ` Կանադա: Մայր հայրենիք գալու երազանք երիտասարդը միշտ  է ունեցել, այդ իսկ պատճառով «Դեպի Հայք» ծրագրի  շրջանակներում Հայաստանում կամավորություն անելու մասին իմանալուն պես անմիջապես մասնակցության հայտ  է ուղարկել:

Արդեն 1 ամիս է Գևորգը Հայաստանում է ապրում, նախ՝ Գյումրիում, ապա Երևանում: Sputnik Արմենիայի հարցին, թե չի կարոտում իր հայրենիքը՝  Սիրիան, երիտասարդը  շտապում է ուղղել՝  հայրենիքս այստեղ է: Ծրագրի պահանջից ելնելով՝ Գևորգը պետք է վերադառնա Կանադա, բայց անկեղծանում է՝ ուզում է Հայաստանում ապրել: «Շատ եմ մտածում Հայաստան գալու և այստեղ ապրելու մասին,  հատկապես հիմա, երբ եկա ու երկար մնացի: Դեռ 2 ամիս  էլ Երևանում կամավորություն պիտի անեմ ու  հնարավորություն դեպքում, հետո անպայման էլի կգամ: Ամեն ինչ կանեմ դրա համար»,-ասում է Գևորգը:

Ի դեպ, երիտասարդի համար սա Հայաստան առաջին այցը չէ: «Փոքր էի, 2003 թվականն էր՝ 16 տարի առաջ, որ եկանք Հայաստան: Շատ բան չեմ հիշում այդ այցից, բայց տեսնում եմ, որ հիմա ավելի զարգացած ու աշխույժ է  Հայաստանը: Հուսով եմ, որ այս Հայաստանը առաջ է գնալու»:

Կանադայի, Սիրիայի, Լիբանանի և Հայաստանի մասին խոսելիս` երիտասարդը մի բան է առանձնացնում՝ Հայաստանի ժողովուրդն այլ է: «Հայաստանում մարդիկ շատ մտերիմ են ու հարազատ։ Հատկապես, Կանադայում այդպես չէ՝ այնտեղ ամեն մեկն իր կյանքով է ապրում: Բայց միայն ժողովուրդը չէ, որ ինձ համար Հայաստանը յուրահատուկ է դարձնում, ի վերջո, այստեղ, երբ գլուխդ դնում ես բարձին, գիտես, որ քո հայրենիքն է»:

Գևորգը  դեռ չի որոշել ընտանիք  Հայաստանում է  կազմելու, թե  դրսում,  բայց մեկ բանում վստահ  է՝ սփյուռքում գտնվող  բոլոր հայերը, թեկուզ մեկ անգամ, պետք է գան ու սեփական աչքով տեսնեն իրենց հայրենիքը՝  չհավատալով այն չարախոսներին , որոնք պնդում են թե  Հայաստանում ամեն ինչ վատ է:

508
թեգերը:
Գյումրի, Սիրիա
Ըստ թեմայի
Հալեպի հայերը վերադառնում են խաղաղ կյանքին. ՀՀ դեսպանը` Սիրիայի իրավիճակի մասին
Վարչապետը ներկայացրել է` ինչ է լինելու Սփյուռքի նախարարության փոխարեն
«Գրիշա, դուխով»․ երիտասարդ հայը Ռուսաստանում թոշակառուի է փրկել ու համացանցի հերոս դարձել