Գագիկ Ծառուկյան

Ո՞վ է օգտվում ցեմենտի էժան հումքից. Ծառուկյանը բացեց ցեմենտի գործարանի աղմուկի գաղտնիքը

345
Գագիկ Ծառուկյանը խոսեց «Արարատցեմենտում» ստեղծված իրավիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է: Այսօր ԱԺ-ում, մեկնաբանելով երեկ «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան, լրագրողներին ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` նշելով, որ կլինկերը ցեմենտի արտադրության մեջ ամենաթանկ բաղադրիչն է:

«Էսօր 100.000 տոննա կլինկեր ստանալու համար հարկավոր է 3 մլն գազի գումար վճարել, 1,5 մլն հոսանքի գումար վճարել, 350 հոգու աշխատավարձ տալ»,- ասաց Ծառուկյանը:

Նա նշեց, որ կառավարությունը տեղական արտադրողին մրցակցային լավ պայմաններ ապահովելու համար ավելացրել էր Իրանից ներկրվող ցեմենտի մաքսատուրքը, բայց կլինկերի ներկրումը մնացել է ցածր մաքսատուրքով:

«Եթե իրենք մտածում են՝ կլինկերի վրա տուրք չդնել, անձնական շահերի, ծանոթ-բարեկամով խնդիր լուծել, ես պահանջներ չունեմ, բայց հանձնաժողովի նախագահից պետք է միայն պահանջել, որ որոշումը փոխվի: Կառավարությունը որոշել էր, հարցը լուծված էր, թե ինչ փոխվեց, բոլորդ էլ կիմանաք հանձնաժողովի նիստի ժամանակ»,- ասաց Ծառուկյանը:

Նա նաև նշեց, որ մինչ այդ իր ընտանիքին պատկանող գործարանում արտադրվող ցեմենտի գինը իրենք 50.000-ից իջեցրել էին 40.000: Բայց այսօր այդ գինը ձեռնտու չէ, և ստեղծված իրավիճակում գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ կարող են մնալ առանց աշխատանքի, քանի որ շուկայում մնալու համար «Արարատցեմենտը» ստիպված կլինի արտադրությունն իրականացնել ներկրված էժան հումքով:

Հիշեցնենք` ուրբաթ երեկոյան Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն ավելի քան 1000 աշխատակցի հայտնել էր, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Երեկ աշխատակիցները հրաժարվել էին վերցնել ծանուցագրերը և բողոքի ակցիա էին կազմակերպել` փակելով գործարան տանող ճանապարհը:

Գործարան տանող ճանապարհը դեռ փակ է. աշխատակիցները գիշերել են այնտեղ և շարունակում են բողոքի ակցիան:

345
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը փակում է դուռը իրանական ցեմենտի առաջ. ի՞նչ կա կառավարության որոշման տողատակերում
Ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը պաշտպանող օրինագիծը դրական եզրակացություն ստացավ
Հայաստանը ցեմենտում է շուկան. Իրանի հետ մրցակցությունը վտանգավո՞ր է