Ռուբեն Խաչատրյան

Բողոքի ակցիա կենդանաբանական այգու դիմաց. մասնակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը

175
Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները հայտարարում են` տնօրենը նպատակադրված սպանում է կենդանիներին` իր բիզնեսը զարգացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները պահանջում են Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ու նրա մի քանի աշխատակիցների հրաժարականը։

Այս մասին պահանջը նախկին աշխատակիցներն այսօր ներկայացրել են այգու մուտքի մոտ` բողոքի ակցիա անցկացնելով։

Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջը նախկին աշխատակիցները մեկնաբանում են այն մտահոգությամբ, որ 2011թ–ից առ այսօր` տնօրեն նշանակվելուց ի վե,ր նա այգին տանում է կործանման։

Ցուցարարներից մեկն անդրադարձավ այգու վագրերից մեկի մոտ հայտնաբերված լեյկոզի դեպքին` հավելելով, որ Մոսկվային կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժը, Հայաստան գալով ու հետազոտելով կենդանուն, հերքել էր այդ ախտորոշումն ու դրա մասին հայտնել Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

«Լեյկոզ չէ, հայտնաբերել են բերանի խոռոչում ուռուցք, որը դեռ պարզ չէ` չարորակ է, թե՞ բարորակ։ Շատ ցավալի է, որ Ռուսաստանից եկած մասնագետն է դա նկատել, ես պատկերացնում եմ, թե ինչ տպավորություններով է հեռացել այստեղից` որ որևէ մեկի մտքով չի անցել նույնիսկ նայել բերանի մեջ»,– ասաց ակցիայի մասնակից, կենդանաբանական այգու նախկին աշխատակցուհին։

Ակցիայի մասնակիցները վստահ հայտարարում են, որ կենդանաբանական այգու տնօրենը նպատակադրված է աշխատանքից հանում լուրջ մասնագետներին ու նրանց փոխարեն աշխատանքի ընդունում մասնագիտական որակ չունեցող կադրերի։

«Նպատակն այն է, որ եթե այգին չունենա սեփական կենդանիներ, Ռուբեն Խաչատրյանն իր հիմնադրամով ձեռք կբերի կենդանիներ ու կտա վարձով, ինչը մինչև հիմա էլ արել է»,– համոզված են ակցիայի մասնակիցները։

Իրենց բողոքները հայտնելուց հետո նրանք «Ռուբե՛ն, հեռացի՛ր», «Վերջ կենդանիների ոչնչացմանը» գրություններով պլակատներով երթով մտան կենդանաբանական այգու տարածք ու կանգ առան այգու ադմինիստրատիվ շենքի դիմաց` իրենց պահանջը տնօրինությանը տեսանելի դարձնելու համար։

Ակցիայի ավարտին մասնակիցները մտադիր են գնալ ԱԺ և իրենց պահանջը հանձնել խորհրդարանական քաղաքական ուժերին։

175
թեգերը:
Բողոքի ակցիա, Երևան
Ըստ թեմայի
Փակե՞լ, թե՞ ոչ․ Կենդանաբանական այգու ղեկավարի և Հայկ Մարությանի կարծիքները տարբեր են
Երևանի կենդանաբանական այգու վագրերից մեկի մոտ լեյկոզ է ախտորոշվել. լուսանկարներ
Երևանի կենդանաբանական այգու վագրի մոտ արյան լեյկոզ կա, թե՞ ոչ. զարգացումներ`սկանդալի շուրջ