Նիկոլ Փաշինյան

Հայտնի է, թե ինչ է արել Փաշինյանի ազգականը. նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել

334
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր ազգականի նկատմամբ ցուցում է տվել` նրա նկատմամբ իրավական գործընթաց սկսելու վերաբերյալ։ Արդյունքում հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը։

Նրա խոսքով, քրեական գործն ի սկզբանե հարուցվել է Ազգային անվտանգության ծառայությունում` բուհի դիպլոմը կեղծելու փաստով։

Ըստ նախաքննության տվյալների, Փաշինյանի ազգականը` Մամիկոն Հովհաննիսյանը, ով, ըստ մամուլի, վարչապետի քեռու որդին է, «Դիլիջան» ազգային պարկում աշխատել է որպես ինժեներ։

2019թ. փետրվար ամսին նա կադրերի բաժին է ներկայացրել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի 1993թ.–ի դիպլոմի պատճեն` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ, ինժեներ-մեխանիկի որակավորմամբ։ Դրա հիման վրա էլ նշանակվել է հիշյալ ազգային պարկի տնօրենի տեղակալ։

Քննության ընթացքում պարզվել է, որ ներկայացված դիպլոմը կեղծված է։

Փաշինյանի ազգականին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` փաստաթղթեր, կեղծելն ու օգտագործելը։ Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ երկու տարի ժամկետով ազատազրկմամբ:

Հիշեցնենք՝ ապրիլի 4-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում էր արել, որով հայտնել էր, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

«Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,– գրել էր Փաշինյանը։

Ավելի ուշ նա հրաժարվել էր այլ մանրամասներ հայտնել` առաջարկելով սպասել պաշտոնական հայտարարության։

334
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (804)
Ըստ թեմայի
«Սպայկան» բավարարված չէ Փաշինյանի պատասխանից. ակցիան ավարտվեց` վերսկսվելու ակնկալիքով
Որն է կոռուպցիայի դեմ պայքարում Փաշինյանի նախատեսած ամենամեծ քայլը
Ալեքսանդր Սարգսյանը զբաղվում է որդու` Նարեկ Սարգսյանի հարցերով