Հայկ Սարգսյան

Սերժ Սարգսյանի եղբորորդին կհեռանա՞ Հայաստանից. դատարանը վերադարձրել է նրա անձնագիրը

243
Մեղադրող դատախազը դատարանում հայտարարեց, որ Ալեքսանդր Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանն իրավունք ունի մեկնել Հայաստանից։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ընթացող դատական նիստում դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշեց վերադարձնել Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի անձնագիրը։

Նման միջնորդությամբ դատական նիստում հանդես եկավ վերջինի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Նկատի ունենալով, որ ներկայում Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավով կիրառելու հետևանքով վերացել է նրա անձնագիրը վարույթն իրականացնող մարմնում պահելու, ինչպես նաև ՀՀ–ից նրա ելքն արգելելու վերաբերյալ իրավական հիմքերը, խնդրում ենք վերադարձնել Հայկ Սարգսյանի անձնագիրը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը գրավոր հանձնարարել, որպեսզի դադարեցնեն նրա նկատմամբ կիրառված ՀՀ–ից ելքի արգելքը»,– ասաց Երեմ Սարգսյանը

Մեղադրող դատախազ Ա.Առաքելյանը հիշեցրեց, որ ՀՀ օրենսդրությամբ քաղաքացու անձնագիրը վերադարձվում է այն ժամանակ, երբ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է։ Մինչդեռ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ։ Այս հիմքով դատախազը պնդեց, որ անձնագիրը Հայկ Սարգսյանին չվերադարձվի։ Դատախազը հիշեցրեց նաև, որ նախաքննության փուլում Հայկ Սարգսյանը մեկ անգամ արդեն փորձել է մեկնել Հայաստանից ու դարձյալ կարող է խուսափել քննությունից:

Այդուհանդերձ, դատարանը որոշեց բավարարել փաստաբանի միջնորդությունն ու վերադարձնել Հայկ Սարգսյանի անձնագիրը։

Դատավոր Աննա Դանիբեկյանն այս որոշումը հիմնավորեց այն հանգամանքով, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառված գրավը: Հետևաբար, երկրից բացակայելը կսահմանափակվի չհեռանալու մասին ստորագրությամբ։

«Որպես երաշխիք, որ Հայկ Սարգսյանը չի խուսափի գործի քննությունից, կհանդիսանա վճարված գրավը։ Եթե Հայկ Սարգսյանը խախտի այդ պայմանը, ապա գումարը կբռնագանձվի, իսկ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ կփոխվի կալանքով»,– ասաց դատավորը։

Այսքանով դատական այսօրվա նիստը հայտարարվեց ավարտված, քանի որ դատարան հրավիրված վկաները` Արթուր Ղևոնդյանն ու Լարա Առաքելյանը նիստին չէին ներկայացել։

Դատարանը որոշեց Արթուր Ղևոնդյանին հայտնաբերելու համար դիմել իրավապահներին, իսկ Լարա Առաքելյանին ևս մեկ անգամ ծանուցում ուղարկել, և հաջորդ դատական նիստին չներկայանալու դեպքում բերման ենթարկելու որոշում կայացնել:

Հաջորդ դատական նիստը որոշվեց գումարել մայիսի 16-ին, ժամը 15։00–ին:

Հիշեցնենք` Հայկ Սարգսյանը կասկածվում է սպանության փորձի մեջ։

Քրեական գործը վերաբերում է 2007թ-ին։ Ըստ մեղադրանքի, 2007 թ-ի ապրիլի 1-ին Ալեքսանդր Սարգսյանի տան մոտ հնչած կրակոցից ստացած վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 25-ամյա Դ. Սիմոնյանը։

Նույն օրը ոստիկանություն է ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակը, որից արձակվել էր կրակոցը, և հայտնել, որ այն գտել է մանկապարտեզի մոտից ու անզգուշությամբ կրակել ընկերոջ` Դ. Սիմոնյանի վրա։

11 տարի անց` 2018 թ-ի հունիսի 29-ին Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել դատախազություն՝ նշելով, որ իրեն կրակել էր ոչ թե Ա. Ղևոնդյանը, այլ Հայկ Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։

Հայկ Սարգսյանի նկատմամբ նախաքննության փուլում կիրառված կալանքն ավելի ուշ փոխարինվեց 50 մլն դրամ գրավով։

243
թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ոստիկանապետը խոսել է Ալեքսանդր(Սաշիկ) Սարգսյանի մեքենայի խուզարկության մասին
ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի տանը. լուսանկարներ
Ոստիկանությունը գտել է Ալեքսանդր Սարգսյանի որդուն. նա թաքնված էր Ֆրանկլին Գոնսալեսի անվամբ